Փոթորկահույզ ժամանակներ են: Ամբողջ հայությունն է խառնված կացնահարի և թշնամուց սպասվող արհավիրքների հետ կապված:
Բոլորն են քննարկում հարցը՝ կարող, թե անկարող, գիտուն, թե գերգիտուն: Որոշ դեպքերում գործը հասավ անհնարինին՝ նույնացվեցին Սաֆարովն ու Վարուժան Կարապետյանը, մեր ու ադրբեջանցիների՝ իբր երկդիմիությունը:
Իսկ հիմնական երկփեղկվածությունը հանդես եկավ քաղաքացիականի ոլորտում՝ վեր հառնեցին Ավետյան-Մարգարյան, սաֆարով-ախպերականի մարդասպաններ զուգահեռները, որոնք դեռևս անպատասխան են որևէ սուբյեկտի կողմից:
Հեշտ հաղթահարելի զուգահեռներ չեն: Նույնիսկ հարցը հնչեցնողներին եթե կոնկրետ հարցվի, թե լավ, հիմա որն է ձեր առաջնայինը՝ սաֆարովով, թե ներսի հանցագործներով զբաղվելը, չեմ կարծում, թե միանշանակ պատասխան տրվի:
Շատ ավելի լուռ են վերլուծաբանները: «Հոտոտելու», դեսից դենից մի բան պարզելու հնարավորությունները մինիմալ են: Ինֆորմացիոն վակուում է, և ոչ ոք չի կողմնորոշվում սպասվելիքի, պատերազմի և ռեգիոնալ զարգացումների մնացած հարցերում:
Միարժեք էին միայն իշխանական՝ պառլամենտական այրերը: Չնայած կոշտություն ու ինքնուրույնություն դրսևորելու տարբեր հորդորներին, նրանք առանց մտքի ու խղճի խայթի, շարունակեցին ոչինչ չանելու իրենց մշակույթը՝ 1 դեմ, մնացածը կողմ համամասնությամբ որոշումներ են ընդունում՝ անտեղյակ հետևանքներից:
Պատերազմի շեմին ընդհանուր տեսական անգրագիտությունը և առավել ևս ներքին անորոշությունները կործանարար կարող են լինել պետության համար:
Իմ կարծիքով, պահն այնքան կարևոր է, որ ամեն մեկիս անձնական դիրքորոշման ու պարզաբանումների կարիքը կա, որպեսզի այս ցեխի մեջ թաղված վիճակից դուրս գալու ելքերը գտնենք:
Ներկայացնեմ «սաֆարով» երևույթը կոնկրետ ներկա պահի ֆոնին:
Հասկանանք ահաբեկչություն- վրիժառություն տերմինոլոգիական -բնութագրական տարբերությունները և զետեղենք այն հայ հասարակություն-պետություն-պատերազմ խնդրին:
1. Ահաբեկչության իմաստը ազգային փոքրամասնության կամ ինչ որ խմբի՝ իր հանդեպ անարդարության, լլկեցված ճշմարտության մասին աշխարհին հայտնելն է, ագրեսորին մասնակի պատժելը, երբեմն նաև այդ խնդրի շուրջ ուժեղ հակառակորդից զիջումներ կորզելը (այսինքն ասիմետրիկ պայքարով ատամներ ցույց տալը):
Հայկական ԱՍԱԼԱ-ի գործողությունները, արաբ տեռորիստների ամենօրյա արածը, և նույնիսկ 9/11-ը հենց այս տրամաբանության շրջանակներում են՝ աշխարհին իրենց ճշմարտությունը ներկայացնելը, «ատամներ ցույց տալը» և ինչ որ տեղ նաև պատժելը:
Այլ բան է վրիժառուն: Ինքը իրազեկման խնդիր չունի, նրա նպատակը զուտ անձնական հարթության վրա պատժողականն է: Վրիժառուն կոնկրետ վրեժ է լուծում՝ իրեն, իր բարեկամությանը կամ հանրությանը դժբախտություն պատճառող անձից կամ սուբյեկտից: Դա ինքնադատաստանի ակտ է: Եթե այս տեսակետներից և հայ իրականության պրիզմայով դիտարկելու լինենք, ապա օրինակ Թեհլերյանը վրիժառու էր, իսկ Վարուժան Կարապետյանը՝ ահաբեկիչ:
Կախված նախապատմությունից՝ և ահաբեկիչի, և վիրժառուի համար կարող են լինել արդարացուցիչ հանգամանքներ: Օրինակ, ԱՍԱԼԱ-ի ահաբեկչության հիմքում մեկ ու կես միլիոն ցեղասպանված ազգն է, սպանված ազգականները, կորսված տարածքները, ազգային անարգանքը, միլիոնների խեղված կյանքերը:
Ենթադրենք թե այս վիժվածքը վիժառու էր: Ի՞նչ վրեժ էր հանում՝ Սումգայիթի՞, 10000 հայ զոհվածների՞, Ադրբեջանից 450000 բռնի տեղանահվածների՞, թե իր ցեղն էին հայերը կոտորել: Չկա ապացույց, որ ինքն անձնապես մեծ տուժած է:
Ենթադրենք թե ահաբեկիչ է: Ո՞ր թաքնված ճշմարտությունն էր ուզում մատուցեր աշխարհին, կամ արդյոք զոհը պատասխանատու սուբյե՞կտ էր: Այսինքն, տվյալ սպանությունը մարդկայինի ու ազգայինի շրջանակներում չէ, մոլուցքի հասցրած ազգային ատելության հարթության մեջ է:
Հետևաբար, ուլտրաժամանակակից մեր երիտասարդության զոհին ու դահճին նույնացնելու ջանքերը և հարակից քննարկումներն առնվազն անհիմն են:
Չի կարելի համեմատել ոչ համեմատելին, կամ էլ նույն հարթության մեջ դիտարկել սկզբունքորեն տարբեր բաներ:
Սաֆարովն ընդամենը հայատյաց, յաթաղանի փոխարեն կացին օգտագործած արնակալած աչքերով մեկն է, որը Ադրբեջան է ծնվել-թունավորվել հակահայկականով և 8 տարի էլ կատարելագործվել այդ ոլորտում Թուրքիայում:
2. Պատերազմ է նախապատրաստվում Իրանի դեմ:
Ադրբեջանն է զինվում Իսրայելի կողմից ու ներդրումներով: Իրանի մասնատման ու իրանական Ադրբեջանի միացման հարց է բարձրացվում: Գործի է դրվում մեծ Ադրբեջան + Թուրքիա -Թուրան գաղափարը:
Երկու գործոններ կան, որոնք այսօր համահունչ են և մեր դեմ:
Մեկը, որ Եվրամիության թուլությունների հետ կապված Թուրքիան էլ դեպի արևմուտք անելիք չունի: Երկրորդ, քանի որ աշխարհում խառը ժամանակներ են, ապա Թուրանի գաղափարը խիստ գայթակղիչ է դարձել ներկա պահին:
Այսինքն, Թուրքիա-Թուրան և մեծ Ադրբեջան՝ Իրանի մասնատմամբ և Հայաստանից մի մեծ պատառի հափշտակմամբ ծրագիրը խաղ չէ, ռեգիոնալ մեծ պատերազմի նախերգանք է:
Ու իբր պատահականորեն Սաֆարովի գործը «կպցվում» է հենց էս պահին:
Հունգարացիք մեծ մեղք չունեն, իրենք հավաստիացումներ են ստացել, որ Ադրբեջանում դա կնստի (հավաստիացման թղթերն առկա են): Բայց նաև թուրքերից ու ադրբեջանցիներից վարկ վերցնելու հարցը երևակվեց արանքում:
Ինչևէ, զիջեցին ինչ-ինչ շահերից կամ տրամաբանությունից ելնելով, ու միացյալ «թուրքերը» գլուխ բերեցին էդ գործը:
Պատկերացնենք, թե ինչպես էին մտածում այս գործի գլուխ կանգնածները:
ա. Որ ’հերոս’ հետ բերելով նմանակվում են Իսրայելին, ԱՄՆ-ին, որոնք իրենց հերոսներին ազատում են ամեն գնով ու դրանով ոգևորում իրենց ժողովրդին սպասվելիք պատերազմների համար և նրա վստահությունը շահում:
բ. եթե Հայաստանն աղմկի, ապա մի գուցե չափն անցնի ու առիթ տա այդ թեմայով պատերազմ սկսելու Հայաստանի դեմ: Իսկ հետո էլ, այդ աղմուկի ֆոնին, պատահաբար, թե դիտավորյալ, Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմելու պատվերը կկատարվի:
գ. Այս խաղին մնացած գերուժերը անպատրաստ են: Ռուսներն, ինչպես միշտ, կիսախմած են և անորոշության մեջ: Եվրոպացիք թաղված են իրենց հիմարությունների մեջ (եվրո, շեղվող դեմոգրաֆիա, տարածքի մուսուլմանացում, սուպերմարդկային իրավունքներ և այլն), ամերիկացիք՝ նախագահական ընտրությունների թոհ ու բոհի, դինամիկայի մեջ, բայց և Իսրայելի ճնշման տակ:
Ադրբեջանն իրեն պատկերացնում է որպես ռեգիոնալ գերտերություն՝ Կասպից ծովի մի մեծ մասի ու ռեգիոնալ տարանցիկ երկրի իրավունքներով, Իրանի կեսի իրավունքներով, նավթով ու փողով:
Եւ սա բլեֆ չէ: Հավակնությունները հենց էնպես չեն հարգվում: Հարգվում են ուժի ցուցադրմամբ և բեսպրեդելի հաստատմամբ: Սաֆարով ազատագրել- հերոսացնելը այս մեծ խաղի դրվագներից է և հենց այդ առումով է նաև պետք այն գնահատել:
Շուտով, վիճակի սրացմանը զուգահեռ, կպարզվեն հասունացող կոնֆլիկտի կողմերը, ու կերևա ուժերի բաշխումը:
3. Սաֆարով-Նեմեցի մարդասպաններ զուգահեռները:
Ոչ մի կասկած չկա, որ դրանք նույն հարթության մեջ դիտարկելի հանցագործներ են: Տարբերությունը պատասխանատու սուբյեկտների տարբերությունների մեջ է: Սաֆարովի արածը միջպետական հանցագործություն է: Նեմեցի գլխակերների դեպքում հարցը ներհայկական է, և ոչ լրիվ պարզ սուբյեկտով: Զուտ իրավաբանական դաշտում սուբյեկտը առավելագույնը կարող է Նեմեցը դառնալ, իսկ ավելի լայն ընկալմամբ, դա մենք ենք, մեր հանրային ախտերով: Նեմեցը պրոդուկտ է, մեր թողտվության, թուլության ու մեր հանրային ապակողմնորոշման ու ապատեղեկացվածության:
Բայց որն է այս համադրության շրջանակներում հարցի լուծումը, և դրա շնորհիվ ազգային համաձայնության գալը:
Նեմեցին բանտարկելն անհնար է թվում, որովհետև եթե նույնիսկ ամբողջ աշխարհը պահանջի, Նեմեցին բանտարկող ներքին սուբյեկտը դեռ որ չկա: Ոստիկանը, դատախազը, դատավորը Նեմեցի (մեր) կերտած համակարգի նվիրյաl ծառաներն են: Եu այս դրվածքի մեջ, ոչ մի նվիրյալ ծառա չի կարող բանտարկել իր տիրոջը:
Հետևաբար, անկախ քաղաքացիական պահանջատիրությունից, հարցը ներկա պահին կոնկրետ տեխնիկական լուծում չունի: Միակ ձևը երևի այն կլինի, որ Նեմեցը մեղադրվի ախպերականի համար հանդուրժելի որևէ այլ պատրվակով և դարձվի քավության նոխազ:
Բայց և անցյալ ժամանակահատվածում երբևէ այսպիսի զիջման հիմքերը չեն երևացել:
Իրականում խնդիրը սկզբունքային է և ամբողջ ախպերականին է վերաբերում: Նրանք չեն կարող զիջել իրենց և իրենց պաշտպանող բանակները հանրությանը, կամ օրենքին: Դա կլինի իրենց բոլորի վերջը:
Իհարկե, Նեմեցի մասով քաղաքացիական ճնշումը իշխանության վրա այս կրիտիկական պահին խիստ կարևոր կարող է լինել նրանից ներքին զիջումներ կորզելու առումով: Բայց և օգտակար լինել՝ արտաքին քաղաքականը ուժեղացնելու հարցում:
Սա ակնհայտ է: Խնդիրը համարձակությունն է՝ իրերի ներքին դրվածքը հասկանալը և այն սպասարկելը: Սերժը անվերջ զիջողականություն և փաստորեն ոչ սուբյեկտայնություն է դրսևորում արտաքին դաշտում, փոխարենը անտեղի ուժ է ցուցադրում ներքին հարցերում, որը ներկա պահին որևէ առումով ռացիոնալ չէ:
Կան բոլոր նշանները, որ իրապես պատերազմ է հասունանում մեր գլխին, ու դեմն առնելու ստանդարտ ուղիներ չեն երևում:
Որն է ելքը, իմ կարծիքով:
1. Նեմեցը պետք է բանտարկվի: Ինչ հոդվածով, կարևոր չէ, և ախպերականը պետք է զգուշացվի, որ տգետներ, պատերազմ է կախված մեր բոլորի գլխին, չափավորեք ձեզ, այլապես ձեր համար էլ Թեհլերյաններ կգտնվեն հիմա կամ պատերազմից հետո:
2. Կոչ անել լրատվական կենտրոնների ղեկավարներին, որպեսզի ազգին և հանրությանը՝ մարդասպանի, գոնոցիդողի հետ հավասարեցնող անհիմն ու ապուշ-ապուշ համեմատություններ չտպագրվեն:
3. Պառլամենտին զերծ պահել արտաքին քաղաքականին վերաբերող զիջողական որևէ որոշումից: Նրանք չեն տիրապետում անհրաժեշտ ինֆորմացիային, չունեն մտավոր և մասնագիտական կարողություններ և առավելագույնս կնքում են կառավարության կարծիքները, որը ոչ այլ ինչ է, քան կառավարության ուսերից պատասխանատվության գցումը: Դրանով իսկ ստեղծվում է բացարձակ անպատասխանատու վիճակ:
Պատերազմական իրավիճակներում հակառակորդի հանդեպ արագ որոշումների կայացումը նախագահի և կառավարության խնդիրն է, և պառլամենտն այս հարցում անելիք չունի: Պառլամենտի իրավունքն այս հարցում դա պատերազմի հայտարարումն է, կամ դրսից հրահրված պատերազմի վերաբերյալ հայտարարությունը:
Պատերազմից փախչել հնարավոր չէ:
Պատերազմն իհարկե զոհեր են, որբեր, տեղահանություն, տառապանք, դժոխք: Պետք է ամեն ինչ անել դրանից խուսափելու և արժանավայել կյանքով ապրելու համար: Բայց, ոնց որ թե մենք հերթական անգամ դեմ ենք առել հենց այդ ճակատագրականին:
Եվ դրան է հասցրել ներքին տականքը, որը վաղուց պետք է որևէ ձևով մեկուսացված լիներ: Եւ այս պահին լուծումն էլ ես տեսնում հենց ներքին տականքին պատժելու միջոցով:
Պատերազմին դիմակայելու համար ներքին հանդուրժողականությունը պետք է վերականգնվի: Էսպես շարունակել անհնար է: Ոչ մի արտաքին զիջում չի կարող կանխել պատերազմը: Միայն ներքին զիջումներն են, որոնք ուժեղացնելով երկիրը, կարող են սթափեցնել թշնամուն և հետ պահել նրան սանձարձակություններից:
Արտաքին ու ներքին քաղաքականները պետության անքակտելի դրսևորումներ են: Չի կարող պետություն լինել առանց արտաքինի:
Քաղաքականությամբ էլ զբաղվում են պետության ներսի մարդիկ: Մեզանում, քանի որ չկար արտաքինը, ներսում բեսպրեդելի է հասել գործը: Եւ հենց արտաքինի բացակայությունն է, որ թույլ էր տվել տգետին
ձգտել ու ’դառնալ’ ’իշխանություն:
Սաֆարովի հետ գալուն մեր ասիմետրիկ քայլը ախպերական տականքին կարգի հրավիրելը պետք է լինի, ամենաայլանդակներին ձերբակալելը, դատելը, որ հավատի մի նշույլ գոնե հետ գա մարդկանց մոտ: Կարծում եմ՝ հանուն երկրի ու հանրության, սա իրագործելի քայլ է, եթե իշխանության ամեն անդամ իրոք հաշիվ տա իրեն որպես մարդ արարած:
Եւ վերջապես ամենակարևորը՝ չի կարելի խաղաղություն մուրալ: Խաղաղությունը պարտադրվում է, գոնե հավասարակշիռ ու համարժեք լծակներով:
Մենք ազգովի 20 տարի տուրք ենք տվել անկախ Ղարաբաղի մոդելին: Ժամանակն է դրանից հրաժարվելու և բաց ճակատով նայելու իրականությանը:
Մեկ է, եթե թույլ եղանք՝ ոչ միայն Ղարաբաղը անկախ չի լինի, այլ Հայաստանն էլ մեջ-մեջ կարվի: