Երկիրը և հանրությունը հայտնվել են կրիմինալի տակ հեծեծող, անօգնական վիճակում, և շատերի մոտ է ծանրացած հարցը, թե ինչու այսպես եղավ և որն է ելքը:
Իրականում կրիմինալը հարցի մի կողմն է միայն, կամ սեղանի մեկ ոտքը, ինչպես ընդունված է ասել: Մնացած երեքն են իշխանությունները, ընդիմությունը և հանրությունը:
Այս չորս սուբյեկտները գտնվում են մշտական հակամարտության մեջ, և կախված նրանից՝ միմյանց հանդեպ ունեցած կարծիքից ու դիրքորոշումից, վիճակը աշխատում է որոշների օգտին՝ ի վնաս մյուսների:
Ինչպես պարզ է նկարագրից, առաջին 3-ը կոնկրետ անձանցից բաղկացած խմբեր են, և այդ բոլորի գործողության օբյեկտը հանրությունն է:
Հետևաբար, սկզբունքային հարցն այն է, թե սրանցից որն ինչ սկզբունքներով է առաջնորդվում և ինչ լծակներ են կիրառելի նրանց հանդեպ հանրության կողմից:
Կրիմինալի և նրանով կերտված իշխանությունների վարքը հետևանք է: Հետևանք է իրավիճակի ընձեռած պայմաներում կոնկրետ իրենց օգտին օպտիմալ լուծումների իրացման:
Հանրության վարքի քննարկումը պատմականի ներգրավում է պահանջում, հատորների ծավալի խնդիր է, և սույն քննարկման մեջ միայն ընդհանուր տեսքով կքննարկվի անհրաժեշտ մինիմալը:
Որպես ներկա պահի կարևորագույն սկզբունքային հարց, ես դիտարկելու եմ հայկական ընդդիմության աշխարհայացքի, գաղափարաբանության և դրանցից բխող էության խնդիրները:
1. Սովետ-անկախ Հայաստան
Սովետի կազմում Հայաստանի ինքնուրույնությունը խիստ սահմանափակ էր: Երկիրը շարժվում էր ըստ սովետական ստանդարտների, որոնք էլ մեզանում ստեղծել էին այն մտայնությունը, թե մենք շատ ավելին ենք, քան սովետն է թույլ տալիս, և մենք կճախրենք, եթե ազատվենք սովետի կապանքներից:
85-ին՝ Գորբաչովի իշխանության գալուց հետո, սովետը սկսեց հիմնովին երերալ որպես պետություն, իսկ սոցիալիզմն էլ՝ որպես գաղափարախոսություն: Սակայն մինչև Սովետի կոնկրետ ապաինտեգրման պահը՝ 1991-ի դեկտեմբերի 25-ը, թե հայաստանցիները, թե ՀՀՇ-ն ու հանրությունը լուրջ չէին ընկալում, որ իրոք Հայաստանը մնալու է անկախ: Դրա ապացույցն է մինչև վերջին պահը սեփական դրամ չունենալը, անվերապահորեն ԱՊՀ մտնելը, այնտեղ մնալն ու մինչև հիմա էլ ռուսներին որպես միակ հովանավոր տեսնելը: Մենք ունակ չեղանք հասկանալու սպասվելիք քաղաքական մեծ գործընթացը և անկախություն մտանք արդեն իսկ ջլատված՝ որպես հանրություն:
2. Միտինգը որպես ընդդիմություն
88-ին Ղարաբաղը և այնուհետև Հայաստանը ոտքի կանգնեցին սովետի կազմում Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով: Գոյացավ միտինգային ընդիմությունը՝ հանդեպ սովետական իշխանությունը:
Քանի որ սովետական համակարգը ճգնաժամի մեջ էր, սպասվում էր, որ միտինգային մեթոդաբանությունը արդյունավետ կլինի:
Լենին-Պարտիա-Գորբաչով թեզը ոնց որ թե անվտանգ էր: ԼՏՊ-ն հայտարարեց, որ Գորբաչովն այլ ճանապարհ չունի, քան Հայաստան տանկեր մտցնելը, կամ Ղարաբաղը Հայաստանին տալը:
Ի պատասխան այս թեզի, ընդիմությունը ստացավ առաջին հակահարվածը: Գորբաչովը տանկերը մտցրեց Հայաստան, և Ղարաբաղը չտվեց: Այսինքն, միտինգը սխալվեց հենց առաջին իր քայլով: Բայց, քանի որ ղարաբաղյան պրոցեսն ընթանում էր այլ կոնֆլիկտների ֆոնին զուգահեռ, և սովետի միջազգային մեկուսացման պայմաններում, մեզ թվում էր, որ մեր մասնակի նվաճումները հենց միտինգի ճնշման շնորհիվ են:
Իրականում հայկական ընդիմությունը սկսվեց կենտրոնական միտինգով և շարունակում է մնալ այդպիսին, բացառությամբ 1995-96 թվերի, երբ ընդիմությունը փոքր միտինգներով փորձում էր զուտ ընտրական պրոցեսում հաջողության հասնել:
Մնացած դեպքերում ընդիմադիր կենտրոնական միտինգը եղել է և մնում է որպես թամաշա, շոու, որի իմաստը ոչ այնքան իշխանություններին ճնշման տակ պահելն է, այլ ընդիմության ղեկավարության կողմից հանրությանը ենթակայության տակ պահելը, և լծակներն իր ձեռքում ունենալը:
Միտինգը մեսիջ, լուր է իշխանություններին, որ իմ ձեռքում է հանրությունը, և ես միտինգի տերն եմ, քո դիմաց կանգնած հակառակորդ սուբյեկտը, ինձ հետ խոսիր:
Սովետի պայմաններում այս մեթոդաբանության և թեզի մեջ որոշակի տրամաբանություն կար: Իրոք, միտինգի հրամանով հնարավոր էր օրինակ գործադուլ կազմակերպել, որը սովետի փխրուն տնտեսության համար ազդու գործոն կլիներ:
Հետսովետական ժամանակահատվածում, երբևէ գործադուլն արդեն գործոն չէր, խաղաղ միտինգը որպես իշխանությունների հետ երկխոսության լծակ կորցրեց իր ուժը և իրականում դարձավ անիմաստ:
Բացի այդ էլ, մարդկանց մշտապես ներշնչվել էր «սահմանադրական ուղիով» գնալու պահանջը, և հայերիս խելոք, ցիվիլ ազգ լինելու՝ իբր գովելի հատկանիշը, որոնք միտինգի իրական ուժը հավասարեցրել էին բացարձակ զրոյի:
Փաստորեն, Սովետից անցնելով անկախ Հայաստանին, մենք այդպես էլ անընդունակ եղանք հասկանալու, որ իշխանություններ-ընդիմություն հակամարտությունն ունի այլևս իր մեթոդական ադեկվատության սուր խնդիրը:
Այն միտինգային ընդիմադիր մեթոդաբանությունը, որը քիչ թե շատ իմաստալից էր սովետի օրոք, արխայիկ ու անիմաստ էր անկախ Հայաստանի օրոք:
3.Միտինգային ընդիմություն-հայկական իշխանություններ
Զարմանալի բան է տեղի ունեցել: 21 տարի անարդյունավետ միտինգը հրապարակի վրա է, ժողովրդի կեսն արտագաղթել է երկրից, բայց և դեռ կենսունակ է այն թեզը, թե եթե դու անկարող ես մի միլիոնանոց միտինգ հավաքելու, դու ընդդիմադիր քաղաքական դաշտում ոչինչ ես:
Այսինքն, ոնց հայկական օլիգարխիկ իշխանություններն են, նույնպես և ընդիմությունն է օլիգարխիկ դարձել, ուզուրպացնելով ընդդիմադիր լինելու պայմանը՝ հավաքիր մեկ միլիոն, կմտնես մեր ակումբը և քո հետ հաշվի կնստենք՝ որպես մեզ հավասար միտինգ սարքողի: Չես հավաքի միլիոնը, գնա «հաց ու պանիր ուտելու»:
Իսկ հարցը, թե էդ միլիոնն ինչ է անելու, կամ մինչև հիմա ինչ է արել, տաբուապատված է:
Իհարկե, միայն միտինգատերը չի այս ստեղծված վիճակի պատասխանատուն: Իր դառն էջերով հայոց պատմությունն ու գենոցիդն են սրա մեղսակիցը: Երբ հայը դիսոցվել էր ինքն իրենից՝ իր մեջ ուժ չտեսնելով պայքարելու հակառակորդի դեմ:
Հայի բռունցքը շատ վաղուց էր դարձել մուրացկանի ափ և շարունակում է այդպիսին մնալ:
Նաև սովետական բռնապետությունն է սրա մեղսակիցը, որը ամեն մեկիս մեջ ահ ու դող էր ներարկել հանդեպ պետությունը:
Մեր ներքին դավաճանություններն են մեղսակիցը՝ տեղեկացնելով մեզ, որ մեր մեծամասնությունը պատրաստ է դիմացինին դավաճանելու և «նրա եզը մորթելու, հանուն իր մի շիշ քյաբաբի»:
Կոմպլեքսները շատ-շատ են: Բայց առանձնանում է մեկը՝ հայ հումանիտար մասնագետը, որը պարտավոր էր հասկանալու մեր ներհանրային թերությունները և տեղեկացնելու բոլորին, թե հանրությանը և թե ընդիմությանը, որ ժողովուրդ, մենք սխալ կոորդինատների վրա ենք, եկեք դուրս գանք այս մեր ավերիչ ինքնությունից ու կեղծ իրականությունից:
Իրոք, մեր մեջի ամենամեծ դավաճանը հայ գիտնականը դուրս եկավ, իր հարյուրավոր ակադեմիկոսներով, ու տասնյակ հազարավոր դոկտոր ու թեկնածուներով, որոնք իրենց «շլանգի» տեղ դրած՝ հետևեցին տգետին ու տականքին և լռեցին, կործանելով ազգն ու երկիրը:
Հասել ենք անդունդի տակերը և էլի անմռունչ ենք՝ ձայն չհանենք, որովհետև իբր փխրուն Ղարաբաղ ունենք, իբր անկախ պետություն, որը չի կարելի ճոճել: Չգիտեմ թե դրանք ինչքանով ունենք, և արդյոք այս երկիրը հնարավոր է առավել ճոճել, բայց գիտեմ, որ այլևս ազգ չունենք:
4. Ներկա իշխանություններ-ընդիմություն մեթոդականի խնդիրը
Օլիգարխիայի քրեական էությունն արդեն անթաքույց դուրս է եկել բանականի ու մարդկայինի դեմ:
Իրոք, իշխանությունն, ինչպես ամեն մի ունեցվածքի տեր, իրենը ցուցադրելու խնդիր ունի: Ինչպես գեղեցիկ կինն իր մարմինն է ցուցադրում, այնպես էլ օլիգարխն իր ունեցածը պետք է ցուցադրի: Եթե այն արտակարգ ձևերով՝ ասենք տշելով մարդ հոշոտելն է, ապա դա պետք է ցուցադրի՝ բնական է, այլ բան չկա ցուցադրելու:
Ընդիմությունն էլ, քանի որ միայն միտինգ անելը գիտի, միտինգ է ցուցադրելու: Հանրությունն էլ, քանի որ հանդուրժել գիտի, իր հանդուրժողականությունն է ցուցադրելու:
Մենք բոլորս, մեր փիլիսոփայական ընդհանրության մեջ տրամաբանական ենք: Զազրելի է մեր ամեն մասնավորը՝ տշող քրեականը, թիկնապահը, հանցագործ դատավորը, փորով ոստիկանը, ճիվաղ օլիգարխը, ամեն տեսակի այլ տականքն ու սուպերհանդուրժող քաղաքացին:
Ծանր է նաև անօգնականությունը, որ լինելով նման հանրության գենետիկ և փաստացի մասը, անհնար է որևէ կերպ վերափոխելու այն:
Քո դեմ առաջին հերթին կանգնած է տգետ, արյունոտ «շախմատ խաղացող», միտինգավոր ու երկխոսող ընդիմադիրը, ապա նոր նրանից շատ-շատ հեռու, հենց ընդիմության ջանքերով ստեղծված ու սպասարկվող քրեականն ու օլիգարխը: Ոչ ոք չի կարող ճեղքել ընդդիմության տգիտության պատնեշն ու հասնել իշխանական քրեականի խրամատներին:
Նույնիսկ հերթական մարդ հոշոտելուց հետո, հանրությունը ոչ թե մտածում է իր ներսի ստանդարտները փոխելու, տականքին պատժելու անձնական ֆիզիկական, սկզբունքային ձևեր վերցնելու մասին, այլ սպասում է, թե ընդդիմադիր մի քանիսը երբ կկանչեն իրեն մոմ վառելու, կամ փողոցում կանգնելու և գոռգոռալու:
Ես համոզված եմ, որ այս տողերի էությունը շատ ավելի ընկալելի է իշխանական տականքին, քան ընդդիմադիրին, քանի որ տականքը կոնկրետ է՝ առանց դոգմաների, իսկ ընդդիմությունը՝ կուրացած իր տգետ կուռքերի լոզունգներից ու խլացնող, կործանար խոստումներից:
Ներկայում քռչի բազառում կոնդենսատոր ու ռուբիլնիկ վաճառող անգործ ինժեները շատ ավելի ադեկվատ կլինի որպես նախարար, կամ ընդդիմադիր, քան նրանք, ովքեր այժմ պաշտոնապես են այդպիսին կարգված:
Մի դարձի եկած հանցագործ կրիմինալն իր մեթոդաբանությամբ և մոտեցումներով շատ ավելի պետքական կլինի հանրությանն ու նրա խնդիրներին, քան միտինգը, միտինգապետն ու միտինգավորը:
Մեր պրոբլեմների պրոբլեմը տգիտությունն է՝ քաղաքական, քաղաքակրթական, հանրային-իմացաբանական, գիտատեխնիկական ու համամարդկային հարցերում, հանրային տրամաբանությունների չհասկանալը, անտեսելն ու ստեղծված վիճակը ֆիզիակապես հանդուրժելը:
Մենք հետ ենք մնացել ժամանակից ու խնդիրներից, երևի արդեն անհաղթահարելի հետ:
Աստված մեզ հետագա պահապան: