Պատերազմը մոտենում է: Թե որտեղ, ինչ պատրվակով ու ինտենսիվությամբ կսկսվի այն, կարևոր չէ: Կարևորն այն է, որ Հայաստանի դեմ են կանգնած Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեր երկիրը խորտակելու մտադրությամբ: Եւ որպես համընթաց քամի էլ օգտագործվում է Իսրայելի հիստերիան ընդդեմ Իրանի:
Նախապատրաստվողը լայնածավալ ռեգիոնալ ավերիչ պատերազմ է լինելու,
որն արդեն իսկ մի քանի շերտ արտաքին աշխարհքաղաքական ինտրիգներով է փաթեթավորված և խնամքով նախապատրաստված է:
Ներկայումս մատուցվում է հետևյալը՝
1. Իբր դա միջուկային զենք կառուցող Իրանի դեմ միջազգային հանրության լռելայն համաձայնությամբ կատարվող անհրաժշտ միջոցառում է:
2. Իբր Ադրբեջանի կողմից իր տարածքի վերականգման օրինական քայլ է:
3. Իբր Ռուսաստանի ու Իրանի դեմ աշխարքաղաքական միջազգային անհրաժեշտ խաղ է:
4. Իբր նավթի ռեսուրսների տնօրինման միջազգային ու ամերիկյան մեծ խաղ է:
Երևի 5-րդ ու 10-րդ թաքնված պատճառներն էլ կան, բայց մեզ համար կարևոր է այն, որ մեր մարմնի վրայով, ու մեր հաշվին է դա կատարվելու: Թուրք- ադրբեջանական-իսրայելան տանդեմը եթե հաջողացրեց, ապա Հայաստանն է քարտեզից վերացնելու:
Այս պատերազմը թվանքներով ու ֆիդայինների պատերազմ չի լինելու: Անօդաչու զինված օդանավերի ու հեռահար հրթիռների տոտալ պատերազմ է լինելու և առնվազն անլուրջ է կամավորների առկայությունը որպես մեր կողմի՝ պատերազմին նախապատրաստություն ներկայացնելը: Եթե իրոք պատրաստ ենք, ապա համարժեք զենքը, ու այդ զենքին տիրապետողներին պետք է ցույց տանք:
Ինչևէ, կարծում եմ, որ գենոցիդի օրինակով պատմական քնածության սպիրալի մեջ ենք, և դրանից դուրս գալու համար այլևս անիմաստ է հույսը իշխանությունների վրա դնելը:
Այս տարիներին դրսևորած իշխանական պատասխանատվության որակը չի բացառում, որ պատերազմի հաջորդ իսկ րոպեին իշխանավորները կարող են երկրում չլինել, նախասովետական հայտնի «ԵՎ նրանք առած պետական փողերը՝ հայդա Փարիզ», սկզբունքով:
Իմ խորին համոզմամբ, Հայատանի դիվանագիտությունը տեսականորեն այս ամենի դեմն առնելու ռեսուրսներն դեռ ունի, բայց ոչ քաղաքական կամքը, ոչ էլ դիվանագիտական բավարար մակարդակը չկա, դա անելու: Վայրիվերո, անտեր ու տգետ վիճակ է:
Դարեր շարունակ մենք նույն տգիտությունն ենք դրսևորել թե իշխանական և թե շարքային մարդու մակարդակով- ռուսական հայտնի авось-ի, կամ էլ թուրքական- բալքիմ-ի հույսին:
15-ին գենոցիդը կես տարի և նույնիսկ ավել տևեց, սկսվեց ապրիլին ու մեր ներկա սահմաններին հասավ գյուղ առ գյուղ: Մի քանի թուրքի լամուկ գյուղը վառում էին, կողքի գյուղը մուշ-մուշ քնած՝ սպասում էր իր հերթին: Նույնը կրկնվեց նաև Սումգաիթ-Բաքու ժամանակահատվածում: Հետո էլ՝ բոլոր դեպքերում, թուրքերը նախահարձակ են եղել, իսկ մենք՝ անտեղյակ: Խորհրդանշական էր նույնիսկ հայ անհատ սպայի՝ գիշերով քնած տեղը կացնահարվելը հեռավոր Բուդապեշտում:
Հիմա էլ ենք նույն քնածը: Իշխանությունները ափաշքյարա ու անամոթաբար ամեն ինչից փող սարքելով են զբաղված, ազգի էլիտան էլ մեծ-մեծ խոսելու արանքներում ֆուտբոլ է ըմբոշխնում:
Պատասխանատու իշխանություն ու հասարակություն չունենք, դրա համար կարծում եմ, որ ներկա պահին, երբ մեր գլխին նոր պատերազմ է հասունանում, ինքներս ենք պարտավոր կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու:
Ըստ իս, արդեն հասունացել է պահը, որպեսզի հայ անհատները նախաձեռնող լինեն ինքնուրույն քայլեր ձեռնարկելու:
Ինչ կարելի է ձեռնարկել:
Եթե կարողանանք մեր խնդիրները մոլորակային պահանջներին համահունչ ներկայացնել, ապա համոզված եմ, որ այն կարձագանքվի աշխարհով մեկ:
Հայաստանը և հայությունը հայտնվել են արտաքին մեծ շահերի կիզակետում և մեր լռությունը առաջին հերթին տգիտության և նաև ոչ սուբյեկտայնության դրսևորում է: Մենք պետք է ամեն ջանքը գործադրենք այս պատկերացումը ջախջախելու և մեր հետ հաշվի նստեցնելու համար:
Մինչև թնդանոթները դեռ ժամանակ կա, և անպատասխանատու կլինի այդ դադարը դարավոր իներցիային մսխելու:
Ես առաջարկում եմ կոչով դիմել աշխարհի հզոր երկրների առաջին դեմքերին որպես ներկա աշխարհի պատասխանատուների և նրանց պարտադրել հաշվի նստել իրենց իսկ պարտականությունների հետ՝ որպես ժամանակակից մարդկության արժեհամակարգի պահապանների ու պատասխանատուների:
Ներկայացնեմ կոչը և հետո կտամ որոշ պարզաբանումներ:
Կոչ գերտերությունների /Իսրայել, ԱՄՆ, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Բրազիլիա, Ավստրալիա, Կանադա, Շվեդիա, Իտալիա, Իսպանիա, /հիմնականում 20 –ի կազմի մեջ մտնողների խումբը, բացառությամբ Թուրքիայի/ ղեկավարներին:
Ներկայում ձեր իրավասության ներքո է գտնվում աշխարհի բազմավեկտոր ճակատագիրը, որը ներ է առնում ինչպես անհատների, էթնիկ խմբերի, ազգերի ու պետությունների, այնպես էլ մոլորակի ապագան:
Ստանձնած լինելով հզոր երկրի առաջնորդի պարտականությունները՝ Դուք ակամա նաև կարևորագույն մասն ունեք աշխարհը համակած համամարդկային խնդիրների հաղթահարման հարցերում:
Հենց հիմա, Ձեր կառավարման ընթացքում տեղային պատերազմների պատճառով տեղի են ունենում մարդկային հոծ տեղաշարժեր, կենսակերպի ու իրավունքների ձևափոխման այնպիսի գործընթացներ, որոնք արդեն իսկ հանգեցրել են միջավայրային և ժողովրդագրական շղթայված կատակլիզմերի և դրանցից բխող նորանոր ներ և միջհանրային ճգնաժամերի՝ նույնիսկ բախումներից հեռու գտնվող բարգավաճ երկրներում:
Մենք, մի խումբ մտահոգ և մեր հանրությունների ապագայով շահագռգիռ շարքային անձինք, կարծում ենք, որ զուգահեռ անմիջական պարտականություններին, Ձեր քաղաքական և պաշտոնեական առաքելությունն է նաև փոխադարձ համագործակցությունը և ընդհանուր եզրեր գտնելը անպատերազմ և խաղաղության ձգտող մոլորակ կերտելու խնդրում:
Դուք՝ որպես պետությունների որոշում կայացնողներ, ունեք ազատությունը բարի կամք դրսևորելու և ձեռնարկելու ամենաշտապ կանխարգելիչ միջոցները կանխարգելելու հետագա որևէ պատերազմ, շտկելու իրավիճակը տեղերում՝ որպես հիմք ունենալով համամարդկային արժեքները, մարդու և հանրությունների իրավունքների ապահովման և սպասարկման առաջնահերթությունները:
Որպես համար մեկ անհետաձգելի խնդիր մենք տեսնում ենք՝ տեղային պատերազմների ուժային կանխարգելումն ու զսպումը:
Նախորդ առաջնորդները հաջողություն են գրանցել միջուկային պատերազմների կանխարգելման հարցում: Սակայն ներկա տեղային ամենաթող պատերազմներն իրենց հետևանքներով պակաս ավերիչ չեն:
Մեր սերունդը դեռ չի մոռացել նախորդ աշխարհամարտերի դասերը և ականատեսն է հետպատերազմյան անթիվ ու անհամար տեղային պատերազմների հետևանքների:
Պետությունների ներսում ավտոխտոն, տարակրոն, կամ փոքրամասն էթնիկ խմբերի իրավունքների ոտնահարումը հանգեցրել է բազմաթիվ հրահրված և դանդաղ ընթացող հյուծիչ պատերազմների, որոնք դժբախտություն են տարածում ինչպես կոնկրետ տարածքում, այնպես էլ հեռահար երկրներում և ծանրագույն հետևանքներ ունեն ներկա քաղաքակրթության վրա: Օրինակ, փախստականների մուտքը արևմտյան երկրներ արդեն իսկ հասցրել է ժողովրդագրական աղետների:
21 դարը, որին մարդկությունը հասել է մեր միլիարդավոր նախնիների արյան, հերոսության, հանճարի, ջանքերի ու տառապանքների գնով, նոր միջավայր է ու գործունեության նոր դաշտ՝ իր տեղեկատվական բացությամբ, անհատի գիտակցական ու կրթական մակարդակով ու հնարավորություններով:
Հաշվի նստեք այս նոր իրականության տրամաբանւթյան հետ և եղեք արժանի այն վեհ խնդիրներին, որոնք կանգնած են մարդկության, ինչպես նաև Ձեր առջև:
Գտեք ազնիվ և մարդկային լուծումներ, փոխանակ դիվանագիտորեն շղարշելու, նենգափոխելու, կեղծելու ու թյուր մեկնաբանելու:
Որպես ժամանակակից աշխարհի պատասխանատուներ, կանխեք նոր նախագծվող և թափ հավաքող ցանկացած պատերազմ:
Վերջին 20 տարիների որևէ կոնֆլիկտ անկողմնակալ չի մեկնաբանվել, և իր վերջանական արդար հանգուցալուծումը չի ստացել: Միջամտող գերտերությունները չեն ապահովել այնպիսի արդարացի լուծում, որը հարատև համերաշխություն կապահովի հակամարտող կողմերի միջև:
Սա տրամաբանական արդյունք է այն բանի, որ իրականում գերտերունական միջնորդությունն ուղղված է եղել սեփական աշխարհաքաղաքական նպատակների իրագործմանը, և ոչ կոնկրետ խնդրի լուծմանն ու հումանիստական պահանջների ու սկզբունքների ապահովմանը:
Առկա են նշանները, որ գերտերությունները շարունակում են ենթակա մնալ իրենց դարն ապրած և այլևս անհարիր միջպետական և կոնֆլիկտների հրահրման ու հանգուցալուծման սկզբունքների, որոնք ոչ միայն խոչընդոտում են մարդկության առաջընթացն, այլև անառողջ են հենց գերտերությունների համար:
Որպես այս պահին հասունացող պատերազմի օրինակ մենք տեսնում ենք Ադրբեջանի անթաքույց ռազմատենչ սպառնալիքները հարևան երկրի՝ Հայաստանի հանդեպ:
Ադրբեջանին զինում է Իսրայելը, ռազմական խորհրդատվություն և դաշնակցություն է հրամցնում հայերին գենոցիդի ենթարկած Թուրքիան:
Առերևույթ տեղային թվացող այս պատերազմը իր մեջ ունի բոլոր բաղկացուցիչներն ու պոտենցիալները ծավալվելու կործանարար ռեգիոնալ բախման, բազմաթիվ գերուժերի ներգրավմամբ:
ԵՎ այս ամենն ընթանում է բացեիբաց, բոլոր տերությունների իրազեկության պայմաններում, առանց որևէ ակնածանքի կամ վախի՝ հանդեպ միջազգային համակեցության հռչակված սկզբունքները:
Մենք կարծում ենք, որ ներկա դարն ու գերտերություններն ունեն բոլոր տեսական, հումանիտար և տեխնիկական գործիքներն ու ապահովվածությունը՝ կանխելու նման պատերազմները:
Սույն կոչով հույս ունենք, որ որպես Ձեր ժողովուրդների ներկայի ու ապագայի համար պատասխանատվություն ստանձնած գործիչներ, կգիտակցեք Ձեր դիրքի կարևորությունը մարդկության ապագայի հարցում, անհապաղ կանեք անհրաժեշտը՝ միջպետական ու ներհանրային նոր սկզբունքներ ու ստանդարտներ կերտելու և դրանք ներդնելու համար:
Սույն նպատակները կյանքի կոչելու ակընկալիքներով և խորին հարգանքով՝
շարքայինների ու երևելիների ստորագրություններ, ներառյալ նաև այլազգիներինը:
Մեկնաբանություններ:
Նախնական նեղ շրջանակով տարված մասնավոր քննարկումից արդեն իսկ ստացել եմ այն տպավորությունը, որ հայ միտքը կաղապարված է նախադեպերի և պարզամտության շրջանակներում:
Օրինակ, ինձ մի քանիսի կողմից ասվեց, որ գենոցիդի ժամանակ էլ էինք օգնության խնդրանքով դիմում, օգուտ եղա՞վ:
Զսպելով ապշածությունս, ասեմ հետևյալը:
1. Գենոցիդի ու ներկայի արանքում մեկ դար կա ընկած՝ իր ձեռքբերումներով և սկզբունքների փոփոխություններով: Հրեական Հոլոքոստի փաստը կա: Մեր գենոցիդի մասնակի ընդունման փաստը կա: Ժամանակակից, ընտրվող, գոնե մասնակի պատասխանատու արևմտյան, ժողովրդավար լիդերի ու թալեաթ-էնվեր, հիտլեր-ստալինի տարբերության հարցը կա: Մի խոսքով, անհամեմատելի են ժամանակները, սկզբունքները, արժեհամակարգերն ու վիճակները:
2. Նախապատրաստվողը շատ ուժերի սրտովը չէ, օրինակ ռուսների, չինացիների, հնդկաստանի, երևի ամբողջ եվրոհատվածի, հեռավոր գերտերությունների, Իրանի ու իր բարեկամների: Հիմնական շահագրգիռը Թուրքիա -Ադրբեջան-Իսրայելն են: Նույնիսկ ԱՄՆ չի ուզում խառնվել, ուղղակի մամլված է հրեական լոբբիի ճիրաններում:
3. Նախապես նման կոչով ահազանգելով հնարավոր կլինի կանխել գոնե պատերազմի ծավալները Հայաստանի դեմ, զսպել դրանց ախորժակը, քանի որ կատարված փաստի տարր չի լինի օրակարգում:
4. Կոչը համահունչ է առաջավոր մարդկության նպատակներին և կարող է պաշտպանվել նաև ոչ հայության կողմից, քանի որ գերտերունական ամենաթողությունը տեղային պատերազմների հրահրման առումով, արդեն բոլորի համար է հրատապ խնդիր դարձել:
Ինչևէ, ես կարծում եմ, որ հանճերեղ հայերի մեծագույն մասի համար սա որպես աղբաման գցվելիք թղթի կտոր է դիտվելու: Ակնկալիքս շարքայինների վրա է:
ՀԳ: Կոնկրետ լիդերների անունները գտնելու վրա ժամանակ կծախսեմ, եթե կոչը գոնե մասնակի հավանության արժանանա: