Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Կոռուպցիա, որն այլևս մաս է էության

27 Մայիսի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Կոռուպցիա երևույթի պարզաբանմամբ զբաղվում են երևի հին ժամանակներից սկսած: Օրենքի հազարավոր կետեր, գիտական, քաղաքագիտական ու իրավաբանական հազարավոր հոդվածներ ու գրքեր կան: Բայց կոնկրետ դրդապատճառները դեռ ուսումնասիրվում են, ու դեմն առնելու ունիվերսալ ձևերն էլ չկան:

Մեր՝ ինչ որ տեղ «տարօրինակ կոռուպցիոն» ընտրությունների մշակույթի հետ կապված փորձեցի գտնել նմանակը, չգտա: Մասնագետ չեմ, միգուցե կա գրականություն, տեղյակ չեմ:

Ամեն դեպքում, կարծում եմ, ոչ տրամաբանական, արհեստական վիճակում ենք: Արածներս էլ մեծապես տարօրինակ է:

Բոլորս էլ գիտենք, որ տարեց տարի շատ ավելի զազրելի մեթոդներով ու մոտեցումներով են կեղծվում ընտրությունները: Եւ եթե դիտարկենք կատարվողը կողմնակի աչքերով, ապա կպարզվի, որ ընդամենը ազգային թատրոն ենք բեմադրում արտաքին աշխարհի համար: Իրականում մենք «ընտրություն» ենք խաղում ոչ թե մեր իշխանությունները կերտելու, այլ միջազգայնորեն պետական լեգիտիմություն ստանալու համար:

Միջազգայինն էլ տարօրինակի իր բաժինն ունի: Հայտարարում է, թե դուք խաղացեք ընտրություններ կոչվածը՝ կարևոր չի թե ոնց, մենակ խաղացեք, իսկ ես էլ կգնահատեմ: Թե «քննությունը» չեք հանձնի, ոչինչ, ես 100 բալանոց սանդղակ ունեմ, կասեմ մասնակի ոչ ազատ, մասնակի ոչ արդար, մասնակի բառադի, մասնակի հանցագործ, մասնակի ոչ ընտրություն, բայց մեկ է, պետություն-իշխանություն կոչված միջազգային միավորի տվյալ ժամանակահատվածի կնքված, օրինական վկայականը կստանաք:
Մենք էլ գլխապատառ խաղում ենք խաղը, հաշվի չառնելով, որ խաղն ինքնին արդեն մեզ դեպի անդունդ է գլորում:

Ընդունված է համարել, որ աղքատ երկրներում կոռուպցիան ոչ այնքան վերևից պարտադրվող, որքան հանրային որակի ու կեցության ձև է: Հանրությունը գործարար չէ, չի կարողանում եղած ռեսուրսները օգտավետությամբ շահագործել, աշխատատեղեր ու բիզնես միջավայր ապահովել և ստիպված իր պետական կառույցը կազմակերպում է որպես մի կերպ քարշ եկող իշխանական ապարատ, որի ֆինանսական հիմքը կոռուպցիան է՝ ներքևներից թեթև ճիգերով հավաքվող և հանրության կողմից էլ կամովի մատուցվող կաշառքը:

Այսինքն, կոռուպցիան երկուստեք է: Իշխանությունը ոչ մասնագետ- անորակ է, իր պարտականությունները չի կարողանում կատարել, բայց պաշտոնները, դիրքերն ու դրանից բխող մեծ հնարավորություների դաշտերն առկա են: Եւ դա պահելու համար անհրաժեշտ ռեսուրսը միայն ու միայն կոռուպցիան է՝ միջխավային, ներխավային, միջշերտային, ներշերտային, ամենալայն մասշտաբի և ամեն առիթով գործող, պարտադրվող, խրախուսվող կոռուպցիան:

Ժողովուրդն էլ իր հերթին է մասնակից կոռուպցիային, որովհետև լծակներ չունենալով վերահսկել իշխանություններին, ստիպված է մատուցել կաշառքը, որպեսզի չբարդացնի իր գործը և չընկնի իշխանության պատժիչ մամլիչների տակ: Հենց կոռուպցիայի շնորհիվ է նա կարողանում գոնե ծայրը ծայրին հասցնել, մի կերպ իր ու ընտանիքի գոյությունն ապահովել:

Եթե կոռուպցիան չլինի, իշխանական ոչ մի կառույց ընդունակ չի աշխատելու: Կոռուպցիան հասցված է մշակութայինի մակարդակի և հենց այնպես չի կարող մերժվել: Հանրությունը հաճույքով է ընդունում, լեգիտիմացնում իր հարազատ կոռուպցիոներին որպես հարց լուծողի:

Իսկ իրականում տրվող կաշառքը ոչ այլ ինչ է, քան օրենքը, այլ ոչ կամայականությունն իր հանդեպ կիրառելու միջոց:

Փաստորեն, հանրությունն ինքնակամ է ընդունել ոչ արդար հանրային խաղի օրենքներ, ուր մեկին իրավունք է վերապահված մերժելու մյուսի ամենատարրական իրավունքները զուտ կամայական հիմքերով: Այսինքն, հանրությունը մերժել է հանրայինն իսկ՝ քանի դեռ դժբախտությունը չի չոքել տվյալ մարդու դռանը, այն տեսանելի չէ նրան:

Այս փակ, կործանարար շրջապտույտից ելքերն այնքան էլ ակնհայտ չեն, եթե դրանց հնարավոր մեթոդաբանությունը լրիվ կանխատեսելի և վերահսկվող է իշխանությունների կողմից:

Միջազգային հանրության մատուցած ժողովրդավարական մոդելը ստիպողական չէ, այն խորհրդատվական- դիդակտիկ: Ասում է՝ տեսեք, մենք էս-էս ձևերով ընտրում ենք իշխանությունը, նրան էս-էս ձևերով աշխատեցնում և բոլորովս էլ լավ ապրում ենք: Դուք էլ նույնն արեք:

Մենք էլ ազգովի, ամեն անգամ լսում ենք նույն հորդորը և անում մեր իմացածը՝ ինչպես հայտնի անեկդոտում՝

– Վարդանիկ կարդա բառը՝ տառ առ տառ:

– Շ, ի, շ:

– Դե հիմա արտասանիր բառը:
– Բոթուլ:

Ինչումն է բանը, ինչու մեր «շիշ-ը» երբևէ շիշ չի արտասանվում:

Այս ընտրություններով էլ մենք բացեցինք մեր ինքնության մի նոր էջ: Ավանդական ահռելի կեղծիքներին զուգահեռ, շարքայինները մտել էին կաշառակերի դերի մեջ և իշխանություններից կաշառք էին պահանջում իրենց ձայնի դիմաց: Սա նորմալ է: Ամեն տեղ էլ ընտրողին ինչ որ ձևերով հրապուրում են, խաբում, կաշառում: Բայց մերը բացահայտ, անթաքույց էր՝ նախապես քաջալերվող, և մասնակիցների հոծ թվով:

Արմուտքում կաշառված ձայներն ընդամենը մի քանի տոկոսի սահմաններում են՝ բավական հմուտ «տատանվողներին» կաշառելով իրենց կողմը շեղելու հաշվին: Մեզանում այն հիմնական, որոշիչ գործոն եղավ՝ տասնյակ տոկոսների չափով: Հաշվի առնելով նաև կեղծիքների գնացող ընտրական պատասխանատուների բանակները, կարող ենք ասել, որ հանրության 20-30 տոկոսը մասնակից է եղել կեղծիքին:

Որպես քաղաքացիական ակտիվության մեթոդաբանություն, սա երևի մի քայլ առաջ կարելի է համարել և կազմակերպիչների, և մասնակիցների մասով:

Կազմակերպիչները խուսափեցին ավանդական ծեծ ու ջարդից: Մասնակիցներն էլ «շնից իրենց բաժին մազը պոկեցին»:

Բայց արդյունքում տեղի ունեցավ մի այլ բան: Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք, որ իրականում պետությունը չկա, եղածը թատրոն է: Պետություն ասածը սուբյեկտային չէ, անինքնասեր է, և առկա է որպես հանրության վրա մակաբուծող, բացարձակապես անպատասխանատու պատժիչ մեքենա, բայց ոչ ավելին:
Եւ այս ամենի մեջ իր ահռելի բաժինն ունի ընդդիմությունը, որն արդեն պետք է գնահատվի ոչ միայն որպես ծայրահեղ անպատասխանատու, այլև ոչ ադեկվատ, և իշխանությունների հենարան: Հենց ընդդիմության ոչ ադեկվատությունն է, որ երկիրը հանգեցրել է նման մշակույթի ու անընդունելի գործընթացների:

Որ ընտրություններն այսպիսին էին լինելու, կասկածներ չկային հանրության ամենալայն շերտերի մեջ: Վկա՝ բազմաթիվ տեսագրությունները՝ նույնիսկ գյուղական տատիկների դիպուկ մեկնաբանություններով: Բազմաթիվ վերլուծություններ և կոչեր եղան ընտրությունները բոյկոտելու, կամ առնվազն դրանց չմասնակցելու մասին:

Եւ այդ ամենը մի կողմ դրած, առանց գնահատված հիմքերի, ընդիմությունն ընտրությունների գնաց ոչ ավել, ոչ պակաս՝ կեղծ ցուցակներով: Ոգևորեց բազմաթիվ նվիրյալների, գրանցեց ամենաանփառունակ արդյունքերը և հիմա էլ անհրաժեշտ չի համարում նվազագույն իսկ բացատրություններ ու հաշիվ տալ իր սխալների համար:

Կատարվեց չլսվածը՝ նույնիսկ նրանց մուտքը խորհրդարան ևս ապահովվեց իշխանական մեծահոգի կեղծիքի շնորհիվ: Սա արդեն իսկապես դժվարամարս պետք է լինի ցանկացած արժանապատիվ հանրության համար:

Ըստ եղած հայտարարությունների և նախանշանների, ջախջախված ընդդիմադիր կուսակցությունները վերցնելու են մանդատները: Առանց իրենց՝ միայն օլիգարխների խորհրդարանը, կարող է միջազգային ծաղր ու ծանակի առարկա դառնալ իշխանությունների համար: Եւ ինչպես նախկինում, այս հարցում ևս, պաշտոնական ընդդիմությունը իր մասնակցությամբ ձեռք է մեկնում իշխանություններին:

Անիմաստ է ներկա ընդդիմությունից կանոնակարգված, հանգամանալից, հեռանակարային որևէ քայլ ակնկալելը: Այն ոչ ադեկվատ է և կազմով, և տեսակետներով, և գաղափարաբանությամբ, և մեթոդաբանությամբ, և իր ցանկացած քայլով:

Ընդդիմությունը հուսադրում է մարդկանց, թե մեկ-երկու ճարտասան կամ մասնագետ ընդդիմադիրները խորհրդարանի եղանակ են փոխելու:

Պատմությունը կրկնվում է նորից ու նորից՝ հիմա էլ այս խայծն է առաջարկվում մի ամբողջ ժողվրդի, որն այլևս իր պետության անկումը կանգնեցնելու ռեսուրս չունի:

Ամփոփելով, երևի իմաստալից է արձանագրելը, որ մինչև այժմ մենք մեզ գնահատում էինք որպես նյութական ռեսուրսներից աղքատիկ երկիր:

Երևի արդեն կարող ենք առանց մեծ հպարտության խոստովանել, որ հումանիտար-մասնագիտական-քաղաքագիտական ռեսուրսներով էլ առանձնապես հարուստ չենք:

Նման պայմաններում ելքեր փնտրելն իրոք ծանր խնդիր է:

Մենք ջախջախել և թունավորել ենք հանրային ինքնարժևորման ակունքներն ու կառույցը: Մասնատված, ատոմացված ենք ըստ գեոքաղաքական տրամադրությունների, ըստ հումանիտար նախասիրությունների, ըստ քաղաքագիտական դոգմատիկ արժեքների, ըստ ներկայի, ըստ ապագայի, ըստ անձերի և ընտանիքների: Ճեղքման հնարավոր այլ առանցքներ ուղղակի էլ չկան:

Երևի բոլորիս՝ օլիգարխ, նախագահ, գողական, ախպերական, պաշտոնյա, ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, արժե մի պահ կանգ առնել, ու ինքներս մեզ հաշիվ տալ՝ էս ի՞նչ ենք անում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes