Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

«Պադավատը»

17 Ապրիլի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Սովետի օրոք Հայաստանը ենթարկված էր արտաքինից ներդրված պետական ու հանրային կառավարման նորմերին ու կաղապարներին՝ ինքնագոհ ապրելով արդեն տեղում գեներացված մասնավոր վարքայինով:

Առկա էին ժամանակի պահանջներին բավարարող բոլոր շերտերն ու խմբերը՝ ներառյալ գողականը, մտավորականը ու ինչ որ տեղ, նույնիսկ գիտականը: Սարյան, Համբարձումյան, Խաչատուրյան ունեինք՝ մանր մունրները չհաշված:

88-ը որպես նահանջ տարի, եկավ ու անցավ որպես աննախադեպ, զարմանալի մի նոր բան՝ ոմանց համար թամաշա, շատերին- ողբերգություն, ոմանց՝ բեմին հարմարվելու, ոմանց էլ՝ որպես քարանձավից հարթակ բարձրանալու գլխապտույտ մի վերելակ:

Երկիր ավիրած երկրաշարժը և խառնեց, և երևակեց շատ բան: Տեսնողը տեսավ, որ մենք բավական այլ ենք, քան գիտենք ու պատկերացնում ենք մեր մասին:

89-ի մայիսի 31-ից, Ղարաբաղ կոմիտեի մոսկովյան բանտերից վերադառնալուց շաբաթներ անց, տեղի ունեցավ մի այլ կարևոր բան՝ քաղաքական կեղծիքը մտավ երկիր: Ղարաբաղ պահանջող միտինգը առանց որևէ նախաբանի դառավ Նաիրիտ քանդող միտինգ:

Կանգնեցված ատոմակայանին ավելացվեց կանգնեցված Նաիրիտը: Երբևէ պատասխան չտրվեց հարցին, թե ինչու վերջանականապես կանգնեցնել, եթե կարելի էր գործարանը պահել աշխատող վիճակում , այն օգտագործելով որպես լծակ կենտրոնական իշխանության դեմ:

Սկսվեց տաբուների շրջանը, երբ ցանկացած տրամաբանական հարցի կար միակ ֆորմալ պատասխանը՝ «այդպես է պետք»: Ոչ մի քննարկում, պարզաբանում: Դե «մեր տղերքն են», որ ասում են, մի բան գիտեն:

Շուտով «մեր տղերքը» հասկացան, որ անտերություն է, ինչ ուզում ես արա, հաշիվ պահանջողը չկա:

ԵՎ սկսվեց մղձավանջը, որի մեջ ենք արդեն 23 տարի: Ասվում է մի բան –մտքներում բոլորովին այլ է: Խոստացվում է 10-ը, չի արվում և ոչ մեկը, փոխարենը արվում է հակառակը կամ առնվազն անսպասելին:

Ինչու այսպես ստացվեց, և ինչու է շարունակվում:

Իմ կարծիքով մենք որպես հանրություն ճակատագրական տկարամտություն դրսևորեցինք հենց ամենաարմատային՝ իշխանության կերտման հարցում: Մենք հավատացել էինք տղերքին, իրենք հավատացել էին իրենց մեջի խելոքներին, խելոքներն էլ երևի իրենք իրենց: Գիտելիք, տրամաբանություն, այլոց փորձի փոխառում, հետադարձ կապեր, առհասարակ չկային որևէ հարցում:

Արդյունքում, շատ կարճ ժամանակահատվածում, «տղերքով» լրացվեցին իշխանական բոլոր պաշտոնները՝ առանց ֆունկցիոնալ դերերի ու նպատակային անելիքների գիտակցման: Մերգելյանցի «լավ տղան» դարձավ օդակայանի տեր ու տիրական, և հասցրեց ամբողջովին ջախջախել պաշարված երկրի ողջ օդանավային պարկը: Բեղերով, խրոխտ տղեն դարձավ մաքսապետ ու իր օրենքներով սկսեց երկրի ել ու մուտ կարգավորել: Պառլամենտը լրացվեց «պոլի փետերով» ու մնացինք սպասող՝ վերջնական հրաշքին՝ Հայաստանի սավառնելուն:

Իհարկե չսավառնեցինք, նույնիսկ չքայլեցինք էլ, բայց գնալով կռացանք ու սկսեցինք պակասել:

Հիշեցնեմ միայն, որ մենք ինքնիշխան էինք, փաստորեն 90-ից, իսկ պատերազմը սկսվեց 92-ից՝ սովետից մեկ տարի անց:

Ամբողջ 2 տարի մենք զբաղված էինք ոչնչով: Իշխանություն չկար, անտերություն էր, անկարողություն, ամենաթողություն, ոչ մի աշխատանք- բայց լիքը դատարկ հույսեր:
Աղետի գոտին այլևս չդիմանալով անմարդկայինին, սկսեց հոգեբանորեն դատարկվել և արտագաղթել:

Սկսվեց պատերազմը, և արդեն կար պատրվակը, ամեն ինչ նրա վրա բարդելու: Հեռուստատեսությունը, ազատ միտքը, հրապարակային քննադատությունը վերցվեց տոտալ վերահսկման տակ:

Քիչ- քիչ մարդկանցից կաշառք հավաքելու միջոցով կյանք մտավ ԳԱԻ-ն, ապա և մնացած ոստիկանությունը: Իրար ձեռք-ձեռքի, արդեն դուրս գնացածների էտ ուղարկած փոքր գումարնելով, կարգի գցվեցին իշխանական փողահավաք մեխանիզմները:

Որևէ արտադրության մասին երբևէ չմտածվեց, բայց պարզվեց, որ չաշխատող երկրում փող կա, որին կարելի է տիրանալ հենց այնպես՝ վախեցնելով, ծեծելով, բռնել-նստեցնելով:

ԵՎ այդ պահից սկսած, որպես կառավարման լծակ դարձավ մարդաորսը, մարդու հալածանքը, մարդու հետապնդումը ամեն քայլափոխի, ամեն ոլորտում ու դրվագում:

Նորմալ, միջին, քիչ թե շատ տրամաբանական մարդն այդպիսի գործին անընդունակ էր, բայց պարզվեց, որ մեզանում դրա սիրահարների ու «մասնագետների» պակասը չկա: Նույնիսկ կաշառքով էին հասնում իրենց նպատակին՝ կողքինին կեղեքելուն, նրա հանդեպ սադիստ դառնալուն:

94-ին երկրում արդեն ոստիկանապետություն էր, որը քողարկված էր ամենատարբեր հեքաթներով ու վիճակն արդարացնող ճոռոմ ցնորաբանություններով:

Այդ պահին արդեն 88-ից խաղ մտած տղերքը ձևավորված էին ըստ ասպարեզների, մասնագիտացումների, ունակությունների ու «իրավունքների»:

ԵՎ քանի որ նրանք կարիք ունեին երկրի տարածքում իշխանության բյուրեղի շարունակմանը, ապա տեղերում էլ արդեն իրավիճակի պաշտոնապես տերն էին հասատված թաղայինն ու «ախպերականը»:

Երբևէ կենտրոնական տղերքի ու թաղի տղերքի մեջ տարաձայնություն չառաջացավ իրավունքների ու շահերի շուրջ: Կռիվներն ու պարզաբանումները գնում էին հորիզոնական, մեկը մյուսի մեջ՝ իշխանությանը որպես հաղթող ներկայանալու միտումով միայն:

Ու իշխանություններն էլ այդ ամենին նայում էին որպես լավագույն արույի հաղթանակին սպասող էգ, որպեսզի նրան վստահվի այդ տարածքի իշխանական տիրոջ իրավունքը:
95-ին՝ պառլամենտական ընտրություններին, իշխանությունն արդեն պատրաստ էր իր ողջ կազմով կեղծելու, ծեծելու, նստեցնելու ու իր կամքը ուժով թելադրելու: Մանավանդ որ տեղի «ախպերականին» միացել էր նաև Ղարաբաղից եկած իբր ռազմական էլիտան՝ արդեն փորավորված, գեներալական հագ ու կապով, համհարզներով ու պադավատներով:

1995-ից հետո որակական քիչ բան է փոխվել երկրում: Իհարկե իշխանությունը մանրամասն ստրուկտուրավորվել է և դրության տերերն էլ ավելի են հարստացել, լկտիացել: Նրանց սերունդն արդեն արտերկրում է՝ արտահանվող փողի տիրապետման գործին:

«Պադավատը»՝ որպես կառավարման ձև ու մեխանիզմ, ոնց կար սովետի օրոք, մնացել է, բայց առավել զարգացվելով, բազմազանացվելով՝ դարձել է երկրի հիմնական կառույցը:

Հիմա արդեն ամենաստորին պաշտոնյայի կին, երեխեք, սիրուհիներ ու բարեկամություն՝ իրենց սեփական «պադավատի» կառույցն ունեն:

«Պադավատը» դա մեքենան չէ, վարորդը չէ, դա համակարգն է ինքնին՝ իր ծառայամտությամբ, պնակալեզությամբ, ստորաքրշությամբ, արխաիզմով, տգիտությամբ, ֆեոդալական ատրիբուտիկայով, նիստը ու կացով ու օրենքներով:

Իրական ամրոցները, պարիսպներն ու գվարդիաներն էլ են առկա, մանր-մունր նորամուծություններով, ինչպես օրինակ ձիուն փոխարինած համմերները:

Ապշեցուցիչ տրամաբանությամբ, ընդիմությունն էլ է ձևավորված նույն պադավատով ու բացարձակապես նույն կառուցվածքով:

Պադավատը դա ներկա հայկական և արժեհամակարգ է, և մեխանիզմ, և անբեկանելի կռապաշտ դրվածք:

Այն անթաքույց, բաց երկնքի տակ ցուցադրված մի մեծ պանորամա է, ուր առերես հանրագումարի է բերված իշխանության և հանրության ողջ ներքինը, դատարկությունը, փչացածությունն ու պարզունակությունը:

Մենք փաստորեն գերազանցել ենք ինքներս մեզ՝ իշխանական կառուցվածի եզակիության և նրա գործելակերպի ու ընդգրկված դեմքերի որակի ու բնութագրականների առումով:

Մենք համեմատելի չենք որևէ այլ երկրի ու հանրության հետ, որովհետև ես տեղյակ չեմ պադավատի ենթամշակույթի նման ծայրահեղ առկայությանը որևէ այլ տեղ:

Մենք պարզեցրել ենք ներիշխանական հարաբերությունները մինչև կենդանական: Ով ինչ տարածքային ու ասպարեզային սահմաններում կհաղթի ֆիզիկապես, թայֆայով, խաբեությամբ, սրիկայությամբ, նա էլ տեր է, քվոտայի տերը: Ով ոնց կլուծի որևէ հանրային գլխացավանք դարձած հարց, նա էլ այդ հարցի մասնագետ-տերն է:

ԵՎ այս ամենը հնարավոր է դարձել մի քանի արտակարգ պայմանների շահագործման շնորհիվ:

1. Պատերազմի ու նրա վերականգման վտանգի շահարկումը: Ոչ թե պատերազմն ինքնին է գործոն, այլ նրա շահարկումը՝ «ձեն չհանեք, թե չէ բոլորիս վատ կլինի» մեխանիզով:

2. Շրջափակվածության զգացողության ստեղծումը: «Շրջափակված ենք, դրա համար ենք վատ»:

Իրականում Հայաստանը շրջափակված չէ: 4 հարևաններիօց գոնե երկուսի հետ ճանապարհները բաց են: Իշխանությունների բարի կամքի դեպքում մարդիկ կարող էին հանգիստ ել ու մուտ անել երկրից, ներկրել և արտահանել: Բայց Հայաստանյան ելքն ու մուտքը ամբողջովին է վերահսկվում, մոտավորապես բանտայինի ռեժիմով: Բոլորը մեկ առ մեկ հաշվառված են, համարակալված, և իշխանության դեմ վտանգի դեպքում համապատասխան ուժով հավասարակշռված:

3. Մարդիկ լիարժեք չեն պատկերացնում իշխանական կառուցվածքը:

ԵՎ դրանում մեծապես մեղավոր է ընդիմությունը: 22 տարի շարունակ ներարկվել է այն միտքը, թե եղած կոնկրետ դեմքերն են վատը, որ համակարգի խնդիր չկա արանքում: Այ եթե մենք եկանք, ամեն ինչ կուղղենք:

Ներկայում էլ, չնայած եղած կարգախոսներին, թե մենք համակարգ ենք քանդելու, ընդիմությունը նույն այն կազմով է, որը ծնել և մոնտաժել է եղած պադավատը:

4. Իշխանությանը մասնակից մեր բարեկամը չի դիտվում որպես իշխանության իրական կրող ու վերատադրող: Ինքն ընդամենը մեր լավ ընկերն է, մեր խնամին, քավորը, եղբայրը, հորեղբայրը, բայց ոչ երբեք՝ ընտրազեղծարարը, կաշառակերը, մարդ ծեծող ոստիկանը, անօրեն դատախազը կամ զինվոր ստորացնող սպան:

ԵՎ ընդիմության համար էլ՝ այդ մարդիկ իրենց լավ տղերք-աղջկերքն են: Ընդիմությունն ընդունակ չէ տեսնելու իր ցուցակի մեջ սողոսկած համակարգի տասնյակ մարդկանց, բայց արդեն մի քանի օր է, օրգազմի մեջ է քաղաքական դաշտից դուրս եղած մտավորականի կնոջ 116 համարի առթիվ:

5. Որևէ հետևողականություն չկա պարտություններից դասեր առնելու: Զարմանալիորեն, մարդիկ հաջորդական ընդիմություններին չեն հարցնում՝ իսկ «պադավատը»՞: Չէ որ հենց դա է համակարգը՞: Չէ որ հենց դուք, ձեր մարդկանց մեծ տոկոսով «պադավատի» մեջ եք ու «պադավատի» կրողն եք: Ինչպես եք ինքներդ ձեզ կազմաքանդելու՞: Կամ էլ, ինչպես եք ապահովելու արդար ընտրությունները, եթե դա արդեն 17 տարի նույն պադավատի նույն մեթոդաբանությամբ վերահսկվող ու բեկանվող հարցն է:

6. Երբևէ ժամանակակից աշխարհի և ներկա Հայաստանի լուրջ, անալիտիկ, բազմակողմանի համեմատություններ չեն արվում և չի ասվում ճշմարտությունը մեր անմխիթար վիճակի մասին: Չի ասվում, թե որտեղ ենք մենք և իրականում ինչ ենք մեզանից ներկայացնում:

Մեր պատկերացրածով, Հայաստանը անխորտակելի ավիակիր է, որի ներկան կարևորությունը չունի, միայն ապագան է խնդիրը: Կոմունիզմն էլ էր նույնը քարոզում- առանց ներկայի, միայն ապագայի գայթակղություններով:

7. Տնտեսական կամ քաղաքական ոչ մի ծրագիր ունակ չէ բան փոխելու երկրում, եթե համակարգի- «պադավատի» դեմոնտաժի մանրամասն մեխանիզմը, ձևը, սխեման չկա: Եթե չի նկարագրվում իրենց ու այլոց «պդավատի» դեմոնտաժի ժամանակացույցը, ձևերը և մեթոդաբանությունը: Եթե կետ առ կետ, իր ամենափոքր իսկ հարցականներով չի նկարագրվում, թե ինչպես են չեզոքացվելու ու վերացվելու 100-ավոր ֆեոդալների տասնյակ հազարավոր թիկնապահ-սպասավոր, օգնական, պնակալեզ բազմությունները: Հանրության մեջից արտամղվելու ստորաքարշությունը, ծախվելու և դիմացինի հանդեպ վատություն, բռնության գնալու պատրաստակամությունը: Չէ որ մենք տեսել ենք մեկ գիշերային «տեկտոնիկ» առնետավազքեր, նույն անհատի ծիածանակապ կուսակցապատկանելություններ՞:
Փոխարենը հանդարտ, «արխային» մեծամտությունն է, մարդկանց հիմարացնելով իշխանության գալու և ամեն ինչ նորից կրկնելու, մարսելու, պարտակելու, խաբելու:

8. 22 տարիների ընթացքում կառուցված է խիստ սպեցիֆիկ, միայն Հայաստանին բնորոշ մակաբույծ իշխանական-հանրային ու ընդիմադիր մի մեխանիզմ, որը ամրության և վերատադրելիության մեծ պաշար է հանդես բերել իր պարզության և լայն շերտերի ներգրավվածության շնորհիվ:

Խնդիրն այն տեսնելն է, հասկանալը, մանրամասնելը և հանրայնացնելը:

Դա էլ փորձում եմ անել ընտրություններ կոչված հերթական խեղկատակության շեմին:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes