Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Այս տգետ խաղը շարունակվել չի կարող

8 Մարտի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Ծերունական բոլոր ախտանիշերը դրսևորող հայկական քաղաքական միտքն ընկղմված է ձեռքներս հրաշքով ընկած պետականության իբր սպասարկման հիմնախնդիրների մեջ:

Ինչպես ակնոցներն ու իրերի տեղը մոռացող դանդաղաշարժ ու տկարացած ծերունին, մենք ևս խճճվել ենք մեր պետական ունեցվածքի, օրվա ու վաղվա անելիքների,  ու կողքից պարտադրվող սահմանափակումների մեջ:

Առանցքային արտաքին քաղաքական հիմնական թեզը՝ «Ղարաբաղը տանք, ճանապարհները բացվեն ու հաշտ ապրենք» որևէ արդյունքի չբերելով հանդերձ, շարունակում է մնալ միակը հայաստանյան դիվանագիտության շտեմարանում:

Անցած անփառունակ տարիները չեն սասանել այս մոտեցումը, և փոփոխվող իշխանական թիմերը ընթացել են նույն դիրքորոշմամբ, և որևէ մեկը չի էլ փորձել անվիճահարույց հիմնավորել այն:

Նման է քարի վրայի սեպագրի: Պակասում է միայն «պահպանվում է պետության կողմից» ֆորմալ ազդագիրը:

Ես չեմ կարծում, թե սեպագրերը ներկա քաղաքագիտական մեջ արժեք ունեն: Դրա համար ստորև կներկայացնելու եմ իմ իմացածը այս հիմնախնդրի շուրջ, որը մեզ բաժին է հասել հետսովետական էյֆորիայի ուժով և որը անկյունաքարն է վաղվա ազգային գոյության:

Փաստենք, որ պետությունները դրանք սուբյեկտներ են, որոնք գոյատևում են համանման հարևանության մեջ: Բայց և պետությունը դա հարևանի նկրտումներից հուսալի պաշտպանված հանրային տարածք է, որը գոյատևում է միայն ու միայն հարևանների հետ զսպող դիմակայության պայմաններում:

Անհնար է մի այնպիսի պետության գոյությունը, որը գոյատևում է զուտ հարևանական բարյացկամության շնորհիվ: Առանձին, ինքնուրույն գո լինելը այնքան էլ հեշտ վիճակ չէ՝ այն սպասարկել է պետք:

Կան պետություններ, ուր ամեն քառակուսի մետրի գինը մարդու արյուն է եղել, և կան այնպիսիք, ուր խնդրելով էլ մարդ չի գնա ապրելու:

Կան պետական հարևանություններ, ուր սահմաններին փշալար է, նույնիսկ հետևակային ռումբեր, և կան հարևանություններ, ուր մի երկրից մյուսն անցնելն է աննկատ:

Այս երկու ծայրահեղ վիճակների առկայությունը քաղաքակրթական խնդիր չէ, այլ զուտ սուբյեկտների հարաբերությունների խնդիր:

Ցանկացած մոտիկ և հեռու պետական հարևանության մեջ շահեր են ներառված:  Մերձակա հարևանների պատմությունը որպես կանոն արյունալի է, և եթե այն ներկայում անամպ է, դա ոչ թե բարիդրացիական մղումներից է, այլ ժամանակի ընթացքում ձևակերպված ուժային հավասարակշռությունների:

Ամեն սահման դա մի գիծ է, որի երկանքով հարևանների միջև հարաբերությունների կշեռքի սլաքը զրոյի վրա է կանգնեցված հատուկ պայմանագրերով: Պայմանագիրն էլ ոչ թե ապահովագիր է, այլ նախկինում ձևակերպված ռազմական-տնտեսական հավասարակաշիռ դիմակայության փաստում:

Եթե ժամանակի ընթացքում ֆիքսված հավասարակշռությունները շեղվում են, ապա խնդիր է առաջանում դիմացինին նորից փորձարկելու, ու եթե հնարավոր է՝ նրանից նվաճելու, վերցնելու առավելագույնը:

Սա խորքայինն է, էականը: Սրանով են շարժվել և շարժվում մարդկությունն ու աշխարհը: Այն մի գուցե աննկատ է առօրյա կյանքում, որովհետև շղարշված է դիվանագիտական կեղծիքով, և խաղաղության ժամանակահատվածն էլ որպես կանոն առավել երկար է, քան պատերազմականը: Բայց և չկա որևէ փաստարկ, որը մերժի այս տրամաբանությունը ներկա օրերում:

Սովետական միությունը մեր աչքի առջև գնաց պատմություն, որպես թույլիկ, որը չկարողացավ դիմադրել արտաքին բազմավեկտոր հարձակմանը և ներհանրային թուլությանը:

Ներկայում առկա են բազմաթիվ միջազգային «նորմեր ու դրվածքներ», որոնք իբր մերժում են միջպետական անմարդկայինը, պատերազմը, թալանը և հաստատում, թե ժամանակակից մարդկությունը այլ՝ մարդասիրական սկզբունքերով է շարժվում, և իբր որևէ մեկն իրավունք չունի մյուսի «խաթրին կպնելու»:

Նայենք երկրորդ համաշխարհայինից հետո աշխարհի պատմությանը: ԱՄՆ-ը երևի ոչ մի խաղաղ տարի չի ունեցել, միլիոնավոր զոհեր են Լատինական Ամերիկայում, Ասիայում, Արաբական աշխարհում, Եվրոպայում: Աշխարհի կեսում կան նրա ռազմաբազաները:

Անգլիացի Թեթչերը կես մոլորակ հեռվից դղրդոցով գնաց Ֆոլկլենդներ, 1000 հոգու հանձնեց գետնին ու փառապանծ հետ եկավ: Սովետը մտավ Հունգարիա, Չեխոսլովակիա, Աֆղանստան: Աֆրիկայում ու Ասիայում հարևաններն իրար միլիոններով կոտորեցին ու կոտորում են: Թուրքերը Կիպրոսի կեսը վերցրին ու մարսում են: Գումարած դրան տարին էլ մի քանի հազար քուրդ են մատաղ անում՝ հանուն իրենց պետության:

Հենց հիմա՝ աշխարհը պաշարել է Իրանը, ու գերագույն ճիգեր են թափվում մի հրձիգի կամքով թելադրվող նոր պատերազմը կանխելու:

Մարդկությունն իր կենցաղայինում իհարկե մտել է նոր՝ այսպես կոչված քաղաքակիրթ նորմերի մեջ, բայց միջպետականում դեռևս բացահայտ «վայրենություն» է, սուր ու արյուն:

Դեռևս որևէ մեկը չի կարողացվել ժխտել, որ կա խաղաղ կյանքի տրամաբանություն և կա պատերազմի տրամաբանություն: Միջպետական հարաբերություններում կան իրական գործող ուժեր ու գործոններ, և կան դեկլարատիվ բլեֆեր, որոնք որևէ կապ չունեն այդ հարաբերությունների խորքային ընթացքների ու շարժիչների հետ: Հարևանների գոյակցության խաղաղ ժամանակահատվածը միշտ էլ իր ավարտն է ունենում, որովհետև ժամանակն իր փոփոխությունն է մտցնում հարաբերությունների մեջ: Եւ քաղաքական ու ազգային-պետական հարցերը մշակողը, կամ առավել ևս, պատասխանատու մեկը, պարտավոր է իմանալ այս պարզ սկզբունքը և տարբերակել շղարշը էականից:  

Կան ազգեր ու հանրություններ, որոնցում նվաճելը, ընդարձակվելը, էքսպանսիան լրիվ առողջ, նորմալ հանրային կեցվածք ու գործելաոճ է համարվում, և կան ժողովուրդներ, որոնք պարտությունների հետևանքով հոգեբանորեն ու ֆիզիակապես թուլացած են և անկարող նվաճման:

Առաջինների մոտ ագրեսիան հրապարակային-ընդունելի է, երկրորդների մոտ մերժված է, իբր անմարդկային, վայրի ու գեշ լինելու պատճառով:

Նախկինում թուլություն դրսևորած ազգերն արդեն իսկ կորցրել են իրենց պետականությունը և բռնակցված են ուժեղներին, գոյատևելով որպես էթնիկ խմբեր:

Հենց նկարագրված սկզբունքով էլ, նախնական թուրքական սպերմատոզոիդից գոյացել էր Եվրոպայի կեսը գրաված Օսմանյան կայսրությունը:

Երբ թուրքերը սկսեցին իրենց արշավանքները, մենք արդեն պետականություն կորցրած էինք: Երբ նրանք անցան մեր վրայով դեպի Անատոլիա, մենք այն ժամանակվա մեր «խառոշիների» ձեռի տակ էինք:

Ընդարձակվելով՝ իրենք Ալթայից հասան Ատլանտյան ու խաղաղ Օվկիանոսներին, իսկ մենք մնացինք մեր սարերում: Սա աշխարհայացքի հետևանք է, ոչ որևէ այլ բանի:

Եւ թուրքերն այսօր էլ «առողջ» են որպես ռազմատենչ, էքսպանսիայի ձգտող հանրություն: Այսօր 6 թուրքական բարգավաճող պետություն կա, մի այդքան էլ ավտոնոմիա: Եվ նրանց հարաբերությունների խնդիրը համաշխարհային գլոբալ քաղաքականության հիմնահարցերից է:

Դժբախտաբար, մենք հենց թուրքերի հարևանն ենք և պետք է հաշվի նստենք նրանց էականի հետ, նրանց ու մեր անցյալի ու ներկայի հետ:

Հետսովետական հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանակներում Ադրբեջանը մի գուցե միայն Ղարաբաղն էր ուզում: Բայց ներկայում, նավթով հարուստ Ադրբեջանը, ռեգիոնալ նկրտումների մեջ գտնվող Թուրքիան և նրանց տանդեմն արդեն ամբողջ Հայաստանն է ուզում: Թուրքիան առաջին իսկ օրվանից հենց այդ խնդիրն էր հետապնդում՝ իր «եղբոր» օգտին Հայաստանը շրջափակելով:

Եւ ներկայում առկա են այս հեռահար նպատակի բոլոր անթաքույց նախանշանները:

Հայաստանը հայաթափվում է, տնտեսությունը զրոյականի վրա է, իշխանության են տգետն ու ախպերականը, ինքներս մեզ հոշոտելու ռեժիմի մեջ ենք:

Այսպիսի դինամիկայի մեջ գտնվող երկրի խելամիտ հարևանը ի՞նչ պետք է անի:

Մի կողմ թողնենք հարցը, որ մեր հարևանը 2 կողմից նույն թուրքն է: Մի կողմից Օսմանյան կայսրության հետնորդը, մեզ կոտորողը, այսօր նույնիսկ Իսրայելի դեմ խաղեր տվողը, տարեկան 8 տոկոս տնտեսական աճ գրանցողը, իսկ մյուս կողմից էլ նավթի մեծ պաշարներ ունեցողը, նույնիսկ Բուդապեշտում մեզ կացնահարողը, Ռուսաստանի ու Իրանի դեմ խաղեր տվողը:

Այ այս երկդիմի «հրեշ» թշնամուն մի կողմ դնենք ու տեսականորեն պատկերացնենք մի նորմալ, ոչ արյունարբու, քաղաքակիրթ հարևանի: Ինչ է, նա օգնելու է մեզ, որ ոտքի կանգնենք ու մրցակի՞ց դառնանք իրեն՝ որպես արտադրող ու արտահանող: Ի՞նչ տրամաբանությամբ :

Եւ արդեն կա այդպիսին՝ Վրաստանը, որն իր խնդիրների տեսադաշտում արդեն իսկ մեզ հակառակվում է ամեն հնարավոր հարցում: Իսկ թուրքերի դեպքում առավել ևս այդպես է:

Փորձենք օբյեկտիվ, «բաց աչքերով» հասկանալ, թե անցած 17 տարիների բանակցային պրոցեսում ինչու են թուրքերը մերժում հայկական բոլոր զիջումները:

Շատերին թվում է, որ ուղղակի լավ չենք խնդրել: Եթե լավ խնդրենք, կհասկանան, Ղարաբաղը հետ կվերցնեն, ու մենք էլ բարիշ, բաց սահմաններով ու երջանիկ կապրենք: Սա ընդիմության տեսակետն է:

Մի քիչ ավելի լուրջ է ներկա իշխանականը՝  «Զիջում ենք մի քիչ՝ հետո կտեսնենք»:

Եթե մեր հարևանն ու հակառակորդը Շվեյցարիան լիներ, ես 2 ձեռքով կողմ կլինեի Հայաստանն էլ նրան տալու: Բայց էդպես չի, չէ՞:

Ժամանակը թուրքերի օգտին է աշխատում, և նրանք ամեն հնարավոր պատրվակով հետաձգում են հարցի որևէ կարգավորում, որովհետև նրանց այլևս Ղարաբաղի հարցը չի հետաքրրքրում, այլ հենց Հայաստանի գոյության հարցը:

Հետևաբար, մի քիչ այլ տրամաբանությունների  հետ է պետք  հաշվի նստել:

1. Ագրեսիվ հարևանը պատուհաս է՝ թե կենցաղում, և թե միջպետական հարաբերություններում: Նրա հետ հարաբերվելու իրական ձև է պետք գտնել: Եւ այդ ձևը զիջում չէ:

2. Զիջելը միայն ժամանակավոր լուծում կարող է լինել և միայն այն դեպքում, երբ զիջածն ինչ որ կերպ գրավիչ է ագրեսորի համար: Իսկ եթե նա առավել մեծ պատառի հույսեր ունի, ապա անհնար է նրան բավարարել քչի մատուցմամբ:

3. Հեռակա, երրորդ կողմերից ներկայացվող դրվածքները երբեք մեր շահերին չեն կարող համընկնել և կիրառելի չեն կոնկրետ իրադրությունների մեջ:

4. Հայաստանի նկատմամբ հեռահար ու մոտակա նկրտումների աճը ուղիղ համեմատական է մեր ոչ սուբյեկտային կեցվածքին:

5. Անհնար է հարատևել՝ ապաշնորհ զիջելով ու մանևրելով գերուժերի շահերի արանքում: Գալիս է այն պահը, երբ հենց գերուժերի կողմից որպես խնդրի լուծում է դիտարկվում քավության նոխազի ռեժիմը:

Հայկական պետականության փրկությունը ոչ թե մասի զիջումն է, իբր հօգուտ ամբողջի, այլ ագրեսիային դիմագրավումը, ներքին զգաստացումը և գիտակցումը, որ դիմացինը էքսպանսիայի ձգտող մի սուբյեկտ է, որի կենսակերպն, ի տարբերություն մեզ, ոչ թե գոյատևելն է, այլ առավել տիրելը:

Ներկայում առկա են բոլոր նախանշանները, որ հայկական պետականության վերացման հարցը թուրքերի և ազերների քաղաքական օրակարգի առաջնային խնդիրն է:

Ղարաբաղի զիջմամբ Հայաստանի հարատևման բանաձևը բացառում է հայկական պետականության նույնիսկ մոտակա գոյությունը:

Փոխանակ հակաթույն գտնելու, մենք նորից ու նորից ենք ապացուցում, որ ապաշնորհ ենք պետություն կերտելու և այն ներսում և դրսից պահելու:

Սկզբնական շրջանում այս թուլությունը ես կապում էի կոնկրետ պետական այրերի՝ պետականության սպասարկման օբյեկտիվ դժվարությունների հետ:

Ներկայում այլ կարծիքի եմ: Թե իշխանական լծակներին տիրացածների, և թե էլիտար հատվածի մոտ բացակայում է տարրական քաղաքագիտական գիտելիքը: Խավար է երկրի թե ներքին և թե արտաքին գոյության մոդելների պատկերացման մակարդակով:

Հրապարակի վրա եղած՝ զիջողականությամբ գոյատևելու ցանկացած կոնցեպտ վաղուց աղբանոցում պետք է լիներ՝ որպես առնվազն ոչ ադեկվատ: Բայց մենք չունենք ժամանակի մեջ դիրքի փոփոխման զգացողությունը ու հարևանների հետ լուրջ հարաբերվելու գիտելիքն ու պատրաստակամությունը:

Իրականում մենք մինչև հիմա էլ չգիտենք, թե ինչ ասել է պետությունը: Մենք այն չենք կերտել, նրա համար չենք պայքարել: Այն նվերի տեսքով մեզ է հասել սովետից հետո, և հիմա էլ մեզ թվում է, որ մի կերպ «կպլստանք», կֆռռացնենք ՝ թուրքին, Եվրոպային, ռուսին, Հայաստանի իսկ քաղաքացուն: Բայց այս տգետ խաղը անվերջ շարունակվել չի կարող:

Մեր պետականակերտման պարտությունների պատասխանատուները կոնկրետ մարդիկ են՝ իրենց կոնկրետ արածով ու չարածով: Մինչ այժմ մենք ընթացել ենք անտրամաբանական, պարտության տանող ներքին և արտաքին քաղաքական ուղեծրերով: Չի եղել ժամանակակից հայկական պետության հիմնախնդիրների որևէ մասնագիտական, գրագետ քննարկում:

Ներքին թալանը միտինգով ու կեղծ ընտրությամբ հաղթահարելուց ու Ղարաբաղը նվիրելով՝ գոյություն մուրալուց դեն, ոչ մի այլ ներքին ու արտաքին մոտեցում չկա: Ամեն մասնավոր կարծիք դիտարկվել և շարունակվում է դիտարկվել որպես մարգինալ ու մերժելի:

Ներկա մեր խնդիրը պրիմիտիվը, տգետը, անընդունելին քարոզողին հրապարակավ մերկացնելն է, մեկուսացնելը և փոխարենը հանրային կարծիքի մեջ առողջը, մրցունակը սերմանելը:

Այ սա է, որ փաստոերն տաբուավորված, արգելված է մեզանում: Հենց սա է թևաթափ անողը, երբ մի ամբողջ ազգ, իր ուղեղը թողած, հետևում է մի քանի  տգետների թանձր մտքերին:

Ադրբեջանի, Թուրքիայի դեմ էլ կարելի է պայքարել և նույնիսկ առանց զոհերի նորմալ, բարգավաճող երկիր ստեղծել: Հարցը բանիմաց պայքարողն է, բանիմաց մտածողը, բանիմաց բանակցողը, և բանիմաց քաղաքացին, որը տգետին իր տեղը ցույց կտա: Իսկ ազգային հիմնահարցն էլ այդպիսի մարդու ու մասնագետի հրապարակ գալու հանրային պահանջը դնելն է:

Երկիրը կկերտվի միայն ու միայն կամքով, գիտելիքով, աշխատանքի բաժանմամբ ու ներհանրային փոխադարձ հարգանքով:

Եւ կգոյատևի ոչ թե հարևանի բարյացկամությամբ, այլ հարգանքով և վախով՝ հանդեպ դրսևորվող կամքն ու ուժը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes