Իմ իմաստուն հայրը հաճախ էր կրկնում միջնադարյան այն միտքը, թե «Իշխանության սրից միշտ պետք է արյուն կաթա, բայց վայ էն իշխանությանը, որի սրից անմեղի արյունն է կաթում»:
91-ից այս կողմ ես հաճախ եմ դեմ առնում այս մտքին ոչ թե իմաստության դաշտում, այլ իրական կյանքի հորձանուտում:
Դրսում թղթե շերեփ էլ չունեցած խեղճուկրակ հայոց իշխանությունը ներսում սուր է ճոճում իր հանրության, իրեն որպես իշխանություն կարգած ու հանդուրժող ժողովրդի գլխին, իսկ հաճախ էլ՝ թափում անմեղի արյունը:
Մեկը չի, երկուսը չի, եկածը նույնն է անում: Ու մենակ վերևինները չեն, ներքևի էն ամենաստորիններն էլ նույն գործին են:
ԵՎ ստիպված եմ մտածելու, որ բացի իշխանականին վերաբերող ընդհանուր տրամաբանություններից, մեկս մյուսին չարժևորելու, անարգելու մեր մշակույթը ուրույն խորքային արմատներ էլ ունի:
Պարզ է, որ ոչ ժառանգական իշխանությունը ամեն պահի խնդիր ունի վերարտադրության, ու նրա ուշքն ու միտքը ոչ միայն իշխելն է, այլև այնպես իշխելը, որ մեկի մտքովն իսկ չանցնի իշխանության հավակնելը:
Չնայած սա գեշ է, բայց նորմալ-մարդկային է: Բոլոր երկրներում է էդպես: Բայց որն է մեր ու նրանց այն տարբերը, որը այլոց մոտ իշխանության խնդիրը որպես զարգացման ու նորմալ հարաբերությունների խնդիր է ձևակերպել ու իրացնում, իսկ մեզանում միայն արյան, արտագաղթի ու պետական դեգրադացման հանգեցնում:
Ի թիվս բազմաթիվ հանրային խաբկանքերի, ես մի հիմնարար տարբերություն եմ տեսնում, որը սկիզբ է տալիս դրսևորվող հանրային արժեհամակարգին:
Որպես մեր դժբախտությունների հիմք ես տեսնում եմ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏԸ:
Նախ ճշտեմ իմ «տգետ» բնորոշման համարժեքային դաշտը:
Իմ պատկերացած տգետը դա նա է, ով չի կարողանում իր նեղ, ֆիզիկական տեսադաշտից դուրս իրապես տեսնել, հասկանալ, բացահայտել և օգտագործել ռացիոնալ տրամաբանականը և նորույթը: Տգետը կարող է նմանակելով օգտվել նորույթից ինչպես կապիկ, բայց երբևէ չմասնակցել նորի ստեղծմանը:
Տգետը ոչ միայն անկիրթն է, ու դրանով պայմանավորված բազմաթիվ կոմպլեքսների կրողը, այլ տգիտության հարատևման անողոք պաշտպանը:
Մարդ լինելով հանդերձ, տգետը մարդատյաց է, որովհետև հանդիպելով շարքային որևէ մեկին, նա համոզվում է, որ դիմացինն իրենից գրագետ է, բանիմաց ու լայնախոհ: Հենց այդ պարզ համադրմամբ, նա դիմացինի մեջ առաջին հերթին տեսնում է իր պոտենցիալ թշնամուն, որը կարող է հակառակվել իրեն և հաղթել զուտ իմացության գործիքներով իսկ:
Եւ այս հրամայականի պահանջով, տգետը փոքրամասնություն լինելով հանդերձ, մշտապես մի այլ տգետի հետ ընկերակցության ու դաշինքի մեջ է՝ ի հակադրություն շարքայինի ու առավել ևս՝ գիտունի:
Ի հակառակ դրան, ազատ մարդը խմբավորվելու, փոխադարձ համագործակցելու ավելի քիչ կարիք ունի: Մեր տիպի ոչ ստեղծագործ, սպասողական ռեժիմում գտնվող հանրության պայմաններում առանձին անհատը անելիք չունի և հայտնվում է անպաշտպան վիճակում՝ միավորված տգետի ճնշման տակ:
Տգետի դիկտատը թոթափելու համար շարքայինն էլ է սկսում տգետին հատուկ բառապաշարով ու արտաքին կենսաձևերի նմանակմամբ, միմիկրիայով ապրել: ԵՎ արդյունքում, ի սկզբանե միայն տգետին հատուկ միջանձնային ագրեսիան իր բոլոր ատրիբուտիկայով հանդերձ տարածվում է նաև հանրության այլ շերտերով, որպես հարաբերման մշակույթ: Համաձայն այդ մշակույթի սկզբունքների, ամեն մեկը մյուսին դիտում է որպես պոտենցիալ հակառակորդի, հաշվի չառնելով նրա հանրային դաշնակից լինելու առավել շահեկան հնարավորությունը:
Այսինքն հասարակականի մերժման «գողական բանաձևը» տգետի շնորհիվ մտնում է մեր կյանքի այն բնագավառները, որոնք պետք է որ գողականից հեռու լինեին:
Եւ երբ տգետների մի փոքր խումբը հաջողացնում է իր պրիմիտիվ ու հանրությանը անհարիր միջոցներով որևէ ոլորտում հաղթանակ գրանցել, ապա հանրության մեջ տարակուսանք է առաջանում՝ մի գուցե իրոք, ճիշտը իսկապես տգետ ձևանալն է, տգետների հետ համագործակցելն է:
Եւ այս պահից սկսած արդեն հանրությունը հայտնվում է անորոշության մեջ՝ կոնկրետ ավանդական արժեքներին հետևելու, թե ապագայի համար տգիտությունը որպես նոր արժեք վերցնելու երկընտրանքի առջև:
Տեսնելով, որ իրական կյանքում առավել հաջողակ է տգիտությամբ առաջնորդվողը ու խաղի կանոններին մասնակցողը, մարդկանց ավելի մեծ հատված է սկսում հարել տգետ-տգետ խաղին: Ու ի հետևանք, այսօր մեզանում կաշառքի հույսով ոստիկան ու իրավաբան դարձողի պակաս չկա, պառլամենտական իշխող կուսակցություններին անդամակցել ցանկացողների պակասը չկա: Մեծ պայքար է տգիտություն պահանջող դիրքերի համար, և բացարձակ դատարկություն է գիտելիք պահանջող օղակներում: «Տգետ» խաղալով արդեն 17 տարի չնչին բացառություններով խորհրդարանի ուղեգիր ենք տալիս տգետ-քրեական խավին, չկարողանալով որևէ կերպ դիմադրել այդ տանդեմին:
Մեր մեծամասնությունը հաստատ տգետ չէ, բայց տգետի պահանջարկ ունեցող հանրության մեջ ստիպված է տգետ ձևանալ ու «խաղալ» այդպիսին: Հրապարակային տգիտության հետնաբեմում, այդ մարդիկ ոչ տգետի կամ յուրայինի հանդիպելիս փնովում են տգիտանոցը, բայց առօրյայում մասնակիցն են ու կրողը տգիտության բոլոր դրսևորումների ու արհավիրքների:
«Մի կտոր հաց ենք աշխատում, որ ընտանիք պահենք» տգետի լոզունգը շատ բան է ասում տգիտության կուլտի մասին: Առաջին հերթին նա ազդարարում է, որ ազգովի մինիմումի վրա ենք, և մեր խնդիրը միայն ու միայն օրվա հացն է, ոչ ավելին: Հոգնակիով ներկայանալը շեշտում է նրանց ոչ սուբյեկտայնությունը, այսինքն՝ «Միայն ես չեմ, դու էլ ես: Ես չեմ այս վատի ստեղծողը, այլ պայմաններն են, միջավայրն է»:
Այսինքն միջավարը ներկայացվում է որպես ներքուստ շաղկապված ոչ սուբյեկտային մի գորշություն-տգիտանոց, որը ստիպված է խաղալ ըստ պարտադրված կանոնների ու համակերպվել:
Տգետանոցում չկա հարցը, թե ինչին համակերպվել, կամ ինչու համակերպվել: Տգետը անկարող է որևէ լուրջ հարցի գեներացման, կամ հարցի համակողմանի քննարկման, քանի որ չունի դրա որևէ գործիքը: Տգետը ամենառաջին դիմադրողն է այլակարծության, որովհետև այդ դաշտն արդեն իսկ իր թշնամին է:
Փոխարենը մեզանում արդեն կա ստրուկտուրավորված կայացած հանրային տգետանոց, որը պարտադրում է վերից վար և վարից-վեր՝ բոլոր ֆունկցիոնալ օղակների լրացումը տգիտության ցենզին համապատասխանող դեմքերով:
Մենք կերտել ենք իշխանության ու հանրային կյանքի համակարգ, հիմնված զուտ տգիտության վրա: Մենք հաջողացրել ենք զարգացող աշխարհից առանձնանալ որպես մակաբուծող, բայց իր ներքին օրենքներով ապրող անհաղորդ մի հանրություն: Մենք օգտվում ենք արտաքին աշխարհի ամեն նյութականից, պատնեշելով դրսի գաղափարականը, սոցիալականն ու քաղաքականը:
Երբևէ չենք հարցնում մեզ, թե այդ ոնց է լինում, որ մի այլ երկիր արտադրում է, իսկ մենք միայն սպառում: Տգետ մտքում այս հարցը չի արթնանում, որովհետև առանց դրա էլ դեռ որ «ապրվում» է՝ մի կտոր հացով, մի բուտիկով, մի քաղաքով, մի միլիոնով, կամ միլիարդով: Ինչու ավելին մտածել:
Երբևէ կուտակումը մեզանում որակի չի բերում, որովհետև խաղի կանոններն են այդպիսին՝ բոլորովս ենք տգետ խաղում: Իսկ «տգետ» խաղում, պարզ է, որ իրավունք չկա ոչ տգետ հաջորդ քայլի: Ու ապրում ենք տգետի դրած ստանդարտներով, տգետի պատկերացրած ներկայով ու ապագայով, տգետ հանրության օրենքներով ու տեսքով:
Պարզ չէ, թե ինչը ներսից կարող է ճեղքել, խորտակել մեր այս խաղը:
Երիտասարդությունն արդեն հրապարակավ է դուրս եկել դրա դեմ: Նա այլևս ընդունակ չէ երկդիմի խաղի, քանի որ տեղեկացել է, որ մեր երկրից դուրս մի այլ աշխարհ կա, որը հիմնված է ոչ թե տգիտության, այլ հակառակը՝ գիտելիքի ու առողջ տրամաբանության վրա:
Հասկանալի է, որ տգետի կապանքները չեն թողնում իշխանության ներսում տգետ ձևացողին մի օր դուրս գալ խաղից ու հայտարարել, որ վերջ, էսօրվանից էլ չեմ խաղում «մի կտոր հացի» համար, այլ ապրելու եմ որպես ոչ տգետ: Չեն թողնում՝ որովհետև այլընտրանքի պոտենցիալն ու հեռանկարն է թույլ:
Ես հասկանում եմ, որ մեր տգիտությունն արդեն ինստիտուցիոնալ կառույց է, բայց չեմ կարող գնահատել, թե արդյոք որպես հանրություն մենք փոփոխված ենք այն աստիճան, որ մեր միակ ուղեցույցն այլևս միայն մի փոր հացն է ու օր մթնեցնելը:
Երնջակյանի անհարիր հայտնվելը ես կարող եմ բացատրել միայն ու միայն որպես շանտաժի տակ լինելու արդյունք: Իսկ եթե այլ բացատրություն տեղ ունի, ապա հաստատ, մենք արդեն անբուժելի հիվանդ ենք:
Իմ լավատեսական կարծիքով, իշխանության սուրն արդեն իսկ հայտնվել է դատարկության մեջ: Շատ շուտով նրանք ևս հասկանալու են, որ իրենք պարտված են՝ նույնիսկ իրենց մեծ հարստությամբ հանդերձ: Եվ բոլորովս ենք կանգնելու փաստի առջև, որ պարտվել ենք ոչ թե իշխանական սրին, այլ մեր մեջ բուն դրած տգետին:
Մենք իհարկե ունեինք հնուց եկող տգիտություն, բայց հետսովետականը դա մեր իսկ ձեռքով կերտածն է ու փայփայածը:
Խորաթափանցները կասեն, թե մեզանում «հաջողության» հասածներից ոչ մեկն էլ տգետ չէ: «Շուստրի» է, ձևացնող է, բայց ոչ երբեք տգետ:
Կա այդ պահը: Սակայն՝
1.Չեմ կարծում, թե Հայաստանում ամենավերինից արդեն մեկ աստիճան ցածր օղակից արդեն, որևէ պաշտոնյա, կամ փողատեր գոհ է իր կյանքից: Բոլորն էլ տեսնում շրջակա գորշը, սպասվելիք անփառունակ ապագան, բայց շարունակում են խաղալ տգետ խաղը՝ ալտերնատիվ չտեսնելով: Կարծում եմ սա արդեն իսկ տգիտություն է՝ կործանման գնալ՝ չտեսնելով ու մերժելով հնարավոր ելքերը:
2.Բոլոր նախագահներն ու իրենց առաջին շերտի սպասավորները ապրում են ու ապրելու են մարդկանցից մեկուսի, «բառադի» կյանքով: Մի գուցե դա էլ կյանքի ձև է, բայց կարծում եմ, տգետ ձև:
3.Նույնիսկ երկրի տեր, բայց դրվածքի գերի լինելն էլ տգիտություն է:
Մի խոսքով, նայած թե ինչ մտահորիզոնի ու արժեքների տեր է, տգետ ձևացողն էլ ինչ որ մի սահմանից այն կողմ նույն ֆիզիկական տգետն է, որովհետև ընդունակ չէ ավելի մեծ պատկերը տեսնելու և նրանով առաջնորդվելու:
Աշխարհում արդեն շատ վաղուց, միջնադարյան իշխանական սրին ու արյանը փոխարինելու են եկել գիտելիքը, ռացիոնալը ու զարգացման տանող մեթոդաբանությունը որպես իշխանական գործի ու հզորության գործիքներ:
Հուսանք, որ բուծիկի ալտեռնատիվը Հայաստանում ևս մոլը կդառնա, և պետական պաշտոնյան էլ չի ձևացնի, թե մի փոր հացի համար է որպես ստրուկ շարունակաբար ինքնադրսևորվում: