Կարծեմ 1993-ն էր, ես այս վերնագրով հոդված տպագրեցի ընդիմադիր մամուլում: Հայաստանը նույն բանն էր արել՝ ժամացույցը մեկ ժամ հետ էր գցել ու ձմեռ- ամառ անցումն էլ վերացրել:
Ձմռանը ցերեկը ժամի 3-ին արդեն մթնում էր, մարդիկ ընկղմվում էին խավարի ու ցրտի մեջ: Իսկ առավոտներն էլ արևը արդեն զենիթում էր լինում, իսկ հայությունը՝ քնած:
Նաև դրանով սկիզբ դրվեց Հայաստանից մարդկանց արտագաղթին, որովհետև կյանքը դժվար ու վատն էր, դարձավ անտանելի:
Վրաստանն արեց հակառակը, փոխարենը մի ժամ էլ առաջ գցեց սլաքը: Եւ երբ Հայաստանյան ժամի ասենք 5-ի մթից մտնում էիր Վրաստան, այնտեղ արդեն ժամի 7-ն էր լինում, որը մեր իմացած «բնականն» էր:
«Տղերքն» այդ պահին իմ առաջարկը բանի տեղ չդրեցին: Հասարակական արձագանքն էլ գրեթե զրոյական էր: Հետագայում արդեն, երբ էլեկտրաէներգիայի խնդիրը վերացավ, մեկ էլ անձայն, սուս ու փուս տղերքը սլաքը տարան հետ՝ իր տեղը:
Հիմա էլ, երևի խիստ կարիք կա նորից հասկանալու խնդիրը:
Եկեք փորձենք դա անել: Օրն ունի 24 ժամ, դրա կեսը մութ գիշեր է, կեսը լույս-ցերեկ: Իսկ նորմալ մարդն էլ քնում է ընդամենը 8 ժամ: Պարզ է, որ մենք պետք է քնենք գիշերվա ժամերին /նորմալները/: Բայց թվաբանական- հոգեբանական խնդիր է մեջտեղ գալիս, թե գիշերվա «ավելորդ» 4 մութ ժամերը առավոտվա, թե գիշերվա հաշվին վերցվեն:
Հողագործ դարերում, այդ հարցը պարզ էր լուծվում՝ արևածագից սկսած մարդիկ արթնանում էին, անցնում գործի, իսկ երեկոներն էլ հավաքվում էին թոնրի շուրջը ու իրար հեքիաթ պատմում:
Սկսած 19-րդ դարի վերջից-20-ի սկզբից, երբ զարգացած երկրները անցում կատարեցին հողագործությունից արդյունաբերության, ինչպես նաև քաղաքակիրթ կյանքի անցնելու արդյունքում պարզվեց, որ խելոք բան կլինի, եթե հանրային կյանքի ժամանակը շեղվի աստղաբաշխականից այնպես, որ ավելացվի երեկոյան հատվածի լուսավոր մասը: Իրոք, մարդու վերականգնման և ազատ ժամանցի հիմնական ժամանակահատվածը երեկոն էր, և առավել իմաստալից էր հենց այդ հատվածում ապահովել առավել լույս ունենալը:
Նրանք հասկացան ու արեցին: Կառավարությունների որոշմամբ Ժամացույցը մեկ ժամ առաջ տրվեց աստղաբաշխականից՝ մտցվեց այսպես կոչված դեկրետային ժամանակը: Դրանով մեկ ժամ ավել լուսավոր հատված տրամադրվեց երեկոյին՝ առավոտվա հաշվին:
Հետագայում նույնիսկ ավելին արվեց, հասկացան, որ հնարավոր է առավել ճկուն հարմարվել սեզոնային գիշեր-ցերեկ ժամակահատվածների տրամաբանությանը և սկսեցին մտցնել ամառ-ձմեն սեզոնային ժամանակային անցումները, որի դեպքում ամառները երեկոն 2 ժամ էր առաջ ընկնում աստղաբաշխականից և 2 ժամ առավել լուսավոր լինում:
Արդյունքում և էլեկտրաէներգիա էր խնայվում, և հոգեբանորեն էր առավել նպաստավոր վիճակ ստեղծվում, չհաշված քաղաքակիրթ կյանքի առումով առավելությունները՝ երեկոյան հանդիպումները, մշակութային կյանքը, ընտանեկան մթնոլորտը և այլն:
Արևմուտքում դեկրետային ժամանակը երևի 100 տարի է ուժի մեջ է, սեզոնայինն էլ երևի մի կես դար, ու ոչ մեկի մտքով չի անցնում այս դրվածքը փոխել: Հունգարիան առհասարակ 2 ժամ է առաջ ընկած ու ամառներն այն դարձնում է 3: Գումարած դրան, աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամի 8-ից ոչ ուշ /Ամերիկյան կոնգրեսը՝ ժամի 6-ից/:
Մեզ մոտ՝ Հայաստանում, երեկոն ավարտվում է գիշերվա 2-ին, աշխատանքային օրն էլ սկսում է ժամի 10-ից հետո, այսինքն արևածագից 4 ժամ անց: Այս որոշմամբ էլ, աստղաբաշխականին վերադառնալու արդյունքում, Հայաստանն աշխատանքը կսկսի կեսօրին: Երևի սա էլ մեր տրամաբանականն է, չէ որ «մենք ուրիշ ենք»:
Բայց և «ուրիշ լինելով» հանդերձ փաստենք, որ այս որոշմամբ կյանքը կդառնա շատ ավելի ծանր:
Չեմ կարծում, թե Հայաստանում այն մասնագիտական մակարդակն է, որ պաշտոնյան ընդունակ չէ վերը նկարագրված տարրականը հասկանալու: Երևի ինչ որ հետին մտքեր կան այս քայլի մեջ, որը չի ասվում:
Իմ կարծիքով, այս նախաձեռնության հեղինակները և նախագիծը կոնկրետ ներկայացնող Տիգրան Դավթյանը բացատրություն պետք տան երկրի համար խիստ վտանգավոր այս քայլին, որ բոլորն իմանան, թե ինչի համար է լինելու այս զոհողությունը:
Եթե սա ընդամենը ռուսական անիմաստ ելևեջներին հետևելու կամակատարություն է, ապա առնվազն ամոթ է: Իսկ եթե ինքնուրույն քայլ է, ապա ամոթին գումարված է նաև տգիտությունը:
Վերը ներկայացված երկար բարակ նախապատմությունն ու բացատրականը ես արեցի այն հույսով, որ չիմացողները իմանան՝ իրականում ինչի մասին է խոսքը:
Պարզ է, որ ավագներն արդեն ձեռք են քաշել կառավարության վրա ներազդելու մտքերից: Այդ պատճառով կոչ եմ անում իրեն երկրի տեր համարող երիտասարդությանը, միջոցներ ձեռք առնել այս խիստ վտանգավոր նոր քայլի դեմ:
Սա Թեղուտի, պոչամբարների, էկոլոգիական ու մշակութային դեգրադացման այլ հարցերից առավել կործանարար հոգեբանական քայլ է, հասարակական ներքին մթնոլորտի խաթարման հարց:
Երեկոյան մեկ ժամ ավել բնական լույսը դա ընկերական, բարեկամական շփման մեկ ավել ժամն է, ավել հանգստի մեկ ժամը, ստեղծագործ աշխատանքի ու ինքնադրսևորման մեկ ավել ժամը:
Այդ մեկ ժամն է Ձեր ձեռքից խլվում, եթե իհարկե սահմանափակվեն միայն այդ մեկ ժամով: