Արդեն երկար ժամանակ է «Սարդարապատը» հանդես է գալիս ստվերային կառավարություն ստեղծելու առաջարկով: Ստվերային կառավարությունը անգլիական պառլամենտի ավանդույթն է և ինչ որ տեղ նաև տրամաբանությունը: Պառլամենտական փոքրամասնությունը ստեղծում է հայելային ստվերային կառավարություն, որպեսզի կարողանա մեծամասնության կառավարությանը քննադատել մասնագիտորեն: Ստվերային կառավարությունն ինքնին որևէ հարց չի լուծում: Այն իր մասնագիտական կարծիքը ներկայացնում է պառլամենտական փոքրամասնությանը, որն էլ այդ կարծիքով հարցադրումներ է անում մեծամասնության վարչապետին:
Շաբաթը մեկ, Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանում է հիմնականում հենց ստվերային կառավարության առաջ քաշած հարցադրումներին, որը բարձրաձայնվում է փոքրամասնության ղեկավարի միջոցով: Այսինքն, ըստ անգլիական մոդելի, ստվերային կառավարությունը պառլամենտի փոքրամասնության գործիքն է և ինքնուրույն ուժ չի ներկայացնում:
Սարդարապատը չի ճշտել, թե իր առաջարկվող ստվերային կառավարության մոդելը ինչ լծակներով է հանդես գալու և ինչպես է կարողանալու ազդել հայաստանյան որոշումների վրա:
Այս առումով, ինչպես նաև ներկայում քննարկվող պառլամենտական ընտրություններին համամասնական, թե մեծամասնական մոտեցումների ֆոնին՝ ես կարծում եմ, որ իմաստալից է քննարկել ստվերային խորհրդարանի ստեղծման գաղափարը, որը ֆեյսբուքում առաջարկել էր Արմեն Ուլիխանյանը: Այն և հեշտորեն իրագործելի է, և համատեղելի՝ թե բոյկոտի, և թե ընտրություններին մասնակցելու այլ սխեմաների հետ:
Պարզաբանեմ ասելիքս:
Նախապես, ինչ որ սկզբնական փոքրաթիվ նախաձեռնող խմբի կողմից, դիմում-կոչ է արվում մամուլով, հեռուստատեսությամբ, ցանցերում ու այլուր, առ այն, որ իրենք նախաձեռնում են ստվերային խորհրդարանի ստեղծումը: Այդ նպատակով հայտարարվում է, որ ովքեր գտնում են, թե իրենք արժանի են խորհրդարանական աթոռ զբաղեցնելու, և կուզենան նրանում ընդգրկվել, թող ներկայանան իրենց CV-ով, քաղաքական դիրքորոշումներով, արած-չարածով, առաջարկներով, պառլամենտական աշխատանքի մասին մոտեցումների մոտ մեկ էջանոց նոթով և լրացուցիչ այն ամենով, ինչն իրենք նպատակահարմար կգտնեն հանրությանը ներկայանալու համար:
Դա կարող է իրացվել զուգահեռաբար ասենք facebook-ում, թերթերի միջոցով, նամակներով, հենց նախաձեռնող խմբին դիմելով և այլն:
Երբ ինչ որ ժամկետից հետո կկուտակվեն բավարար թվով ինքնառաջադրված թեկնածություններ /թեկնածուի ոչ մի կոլեկտիվ խմբակային, կամ կուսակցական առաջարկ չպետք է ընդունվի՝ միայն ինքնառաջադրումներ/, ապա նախաձեռնող խումբը պետք է կազմակերպի եղած թեկնածությունների քննարկումը և միասնական ցուցակի մեջ նրանց մտցնելու հարցը:
Ռեյտինգային քննարկում կգնա, կերևա ով-ով է: Մի գուցե պարզվի, որ առհասարակ կարգին մարդ չկա, էն ժամանակ հանգիստ ձեռ կքաշենք ինքներս մեզանից:
Իսկ եթե պարզվի, որ կան մասնագետ, գիտակ, ունակ մարդիկ, որոնք հավատում են, թե կարող են գործ անել, մասնակցել ու իրենց լուման բերել խնդրին, ապա ըստ ռեյտինգային գնահատականների կկազմվի նախնական ցուցակ, ասենք առնվազն 3-4000 մարդու նախնական գնահատականի հիման վրա: Կարծում եմ, որ նաև պետք կլինի ունենալ 5-7 հոգանոց ժյուրի, որի կարծիքը կգումարվի հասարակականին:
Հավանության արժանացած ցուցակն ամբողջովին նորից կներկայացվի հանրությանը թերթերի ու լրատվության այլ միջոցներով, որպեսզի, եթե կա ինչ որ անհայտ ինֆորմացիա այդ մարդկանց մասին, ապա այն ևս հայտնի դառնա հանրությանը:
Ենթադրենք թե ինքնառաջադրվել են 5000 իսկապես արժանի ու ընդունելի մարդիկ և նախնական հավանության, ինչ որ մինիմալ պահանջներից բարձր գնահատվել են ասենք 39-ը: Այս դեպքում այդ 39-ը մեկ ցուցակով կառաջադրվեն որպես ստվերային խորհրդարանի պատգամավորի թեկնածու: Այսինքն, եթե ցուցակը 39 հոգի եղավ, կստեղծվի 39 հոգանոց ստվերային պառլամենտ, շատ եղավ, շատերից կկազմվի, մինչև ասենք 131-ը: Եւ այդ 39-ն էլ կունենան նույն ռեյտինգային աջակցությունը: Նրանցում չպետք է լինեն պապաներ կամ կուռքեր՝ միայն ինքնուրույն անհատներ:
Հաջորդ հարցն այն է, թե համաժողովրդական մասնակցության ինչ ֆորմատով է հնարավոր օրինական ընտրել այդպիսի ստվերային պառլամենտ:
Կարծում եմ, որ ընտրությունը կարելի է զուգահեռել խորհրդարանի պաշտոնական ընտրությունների հետ: Ամեն ընտրատեղամասում, ասենք դրսում, կարող է դրվել այդ ընդհանրական վերջնական ստվերային պառլամենտի ցուցակը, և ըստ ցանկության մարդիկ կարող են ընտրել թե պաշտոնականում, և թե ստվերայինում, կամ երկուսում էլ, ոնց կուզեն:
Ցուցակին տեր կանգնող նախաձեռնող տեղամասային խումբը պետք է մատյանում գրանցի ընտրողի անուն ազգանունը, հասցեն, և իսկույն ինտերնետային մի քանի պաշտպանված էջերում նշի այդ մարդու անունը, որպես ստվերայինին կողմ ընտրած քաղաքացու: Դրանով կկանխվեն արկղ ու մատյան փախցնելը, մարդկանց շանտաժն ու ահաբեկումները:
Ստվերայինին դեմ ընտրությունը պետք է արգելվի, որովհետև ողջ կրիմինալը հռհռալով կանցնի այդ գործին:
Այսպիսի ընտրություն, իմ կարծիքով, հնարավոր է կազմակերպել, և այն զուգահեռաբար նաև քաղաքացիական ակտիվության բարձրացման և ինչ որ տեղ նաև ակտիվ բոյկոտի ալտերնատիվ տարբերակ էլ կարող է դառնալ:
Իրոք, ով բոյկոտի կողմնակից է, կարող է գնալ ու ալտերնատիվին ձայն տալ: Ով վախենում է, միայն պաշտոնականով կընտրի, ով չի վախենում, և կարծում է, որ ընտրություններն իմաստալից են, թող իր խղճով ինչպես ուզում է, այնպես ընտրի:
Կարծում եմ, որ նաև իշխանությունների կողմից դիմադրությունը պետք է որ մեծ չլինի, քանի որ իշխանության վերին օղակը այսօր կանգնած է շատ մեծ խնդիրների՝ իր իսկ աճեցրած կրիմինալի դեմն առնելու անլուծելի թվացող հարցի առջև:
Այս ձևով ընտրված-կազմված ’ստվերային’ պառլամենտն արդեն լեգիտիմ ուժ կունենա և կկարողանա կազմել ստվերային կառավարություն: Այդ ստվերային պառլամենտն իր ստվերային կառավարությամբ արդեն կկարողանա հրապարակային կարծիք հայտնել կառավարության և պաշտոնական պառլամենտի քննարկած յուրաքաչյուր հարցի շուրջ և ստիպել նրանց նորմալ աշխատելու:
Նաև կարևոր եմ համարում հայտնել իմ կարծիքն այն մասին, թե ով կարող է խանգարել այս գործին:
Կարծում եմ, որ առաջին հերթին սրան դեմ է լինելու միտինգային ընդիմությունը: Որովհետև այն ամբոխվարություն ու փրկիչ չունի իր մեջ՝ հանգիստ մասնագիտական աշխատանքի դաշտ է առաջադրում:
Դեմ են լինելու արդեն վարկաբեկված հին անդեմ ընդիմադիրները, որոնք միշտ ջրի երեսին են եղել խմբակային «տանիքների» շնորհիվ:
Դեմ է լինելու կրիմինալը: Որովհետև կորցնելու է մի քանի ժամանոց կեղծիքով իր, իր ընտանիքի ու շրջապատի կյանք ապահովելու թեթևագույն, բայց անասելի լավ վարձատրվող գործը:
Մյուս կողմից էլ, առաջարկն ունի նաև մեծ դրական պոտենցիալ: Կարող են ասպարեզ մտնել կարող մարդիկ, նրանք, ովքեր մինչև հիմա մերժված են եղել «ավտարիտետների» կողմից ու հասարակայնորեն լլկեցված:
Նոր սերունդը կմտնի հասարակական-քաղաքական կյանք առանց եղածներից նախապես թույլտվություն խնդրելու, որով և կապահովվի սերնդափոխությունը երկրում:
Կարծում եմ, որ ստվերային պառլամենտը կյանք կտա հայկական մեռած քաղաքական կյանքին ու հույս կներշնչի ապագայի հանդեպ:
Այն պայմաններ կստեղծի դուրս գալու ստորին կրիմինալի կապանքներից, կհավասարեցնի քաղաքական պրոցեսի մասնակիցներին:
Այն նաև կհաղթահարի Հայաստանը համակած ընտրական կեղծիքի մեխանիզմը և կամուրջ կգցի ապագա անկեղծիք ընտրությունների ու կյանքի:
Ներկայում մարդիկ հույս չունեն, որ ընդդիմությունն իր ասենք 15-20, նույնիսկ 100 ձայնով ընդունակ է ինչ որ հարց լուծելու: Հարցերը լուծում է օլիգարխիան, այլ ոչ քվերակությունը:
Ավելին, մարդիկ մեկուսացած են այդպիսի ընդդիմությունից, որովհետև տեսնում են ընդդիմադիր երկխոսության «արդյունքներն» ու հասկանում, որ հրապարակում եղած ընդդիմադիրն իր շահերի պաշտպանը չէ:
Քաղաքական ու ներհասարակական ինտրիգը պաշտոնական ու ստվերային խորհրդարանների միջև ընդունակ է շատ բան փոխելու հայաստանյան կյանքում, եթե միայն մարդիկ հավատան, որ իրենք դեռ ձայն ունեն պետական-հասարակական հարցերում:
Ուժեղ ստվերային պառլամենտը ունակ է պաշտոնականի կյանքը խիստ բարդացնելու և պարտադրելու նրան խաղի նոր կանոններ:
ԵՎ մի կանխատեսելի հետևանք էլ: Եթե այդպիսի ցուցակ կազմվեց, ու այդ գործին լցվեցին «կարգին» մարդիկ, ապա կարծում եմ հրապարակը օլիգարխորեն գրաված պաշտոնական ընդիմությունն էլ կզգաստանա և ստիպված կլինի ադեկվատության դաշտ մտնելու:
Մենք սկսում ենք դանդաղ հասկանալ, որ Հայաստանում նորմալ իշխանություն կազմելու խնդիրը ոչ մաթեմատիկական է, ոչ էլ քաղաքական: Այն զուտ ’մենք ու մենք’-ի հարց է՝ Արմեն Հովհաննիսյանի ասած – «իրար գցելու արվեստի հարց»:
Իմ աչքաչափով, եթե հիմա շրջանակից դուրս լուծումներ չգտնվեցին, ապա մյուս ընտրություններին ընտրող էլ չի մնա Հայաստանում:
Այսինքն, խոսքը շատ փոքր շանսերով լուծումներ գտնելու մասին է: Գումարած ասվածին, խնդիրը իմ պատկերացմամբ նաև հոգեբանական այլ ասպեկտներ էլ ունի:
1. Կոնկրետ ով կարող է իրապես նորմալ խորհրդարանական լինել, ով է արժանի և կուզենա առաջադրվել: Եթե կան այդպիսիք, ապա պետք է մեխանիզմ գտնենք և նրանց քաջալերելու և ինքնառաջադրվելու, և սատարալու և նախնական անկողմնակալ ջոկելու:
2. Ինչպես վարվի այն կարող, ազնիվ անհատը, որը երկար տարիներ եղել է քաղաքական թիմի կազմում ու ենթարկվել իր շեֆին, ինքնարտահայտվելու փոխարե՞ն: ԵՎ առհասարակ ո՞րն է լինելու հարաբերակցությունը պաշտոնական և առաջարկվող ստվերային ընդդիմության միջև:
Ես կարծում եմ, որ բոլորը, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, կարող են ինքնառաջադրվել: Նույն ՀԱԿ-ում կան ունակ, փայլուն երիտասարդներ, որոնք կարող են ինքնառաջադրվել, եթե իհարկե չեն վախենա դավաճանի պիտակ վաստակելու ապագայից:
Կարծում եմ, որ սույն առաջարկի մասնակիցները պետք է ազատ լինեն ցանկացած մեկին ընդգրկելու և սատարելու:
3. Արդյոք հնարավոր է մեթոդապես հակազդել կրիմինալի սպասվող հակազդեցությունը կոնկրետ ընտրությունների պահին և մի գուցե նաև մինչև դա: Որոշ մեթոդական մոտեցումներ արդեն նշեցի: Համոզված եմ, որ կարելի կլինի գտնել շատ ավելի արդյունավետ ձևեր էլ:
4. Հուսալքությունն ու եսակենտրոնությունը՝ ես կարող եմ մի բան առաջարկել, մնացածը թքած կունենան: Ուրիշը կառաջարկի՝ ես թքած ունեմ:
Այս 4 մտահոգությունների մասով էլ ներկայում չկան ոչ միայն պատրաստի մեխանիզմներ, այլ նույնիսկ պատկերացումներ:
Հարց համար մեկը ինձ համար դա 4-ն է: Բոլորովս, բոլորի վրա «թքած ունենք»: Այ սրա լուծումը դեռ որ չեմ տեսնում, այլապես 1, 2, 3-ը գոնե տեսականորեն լուծելի են:
Ներկա պահին, որպես մեր հարցերի դեմ կանգնած առավել մեծ արգելք ես տեսնում եմ միտինգային ընդիմության քարացած, անիրական, բազմիցս ապացուցված մերժելի կեցվածքը, քան իշխանություններին: Իշխանություններն անում են այն, ինչ ցանկացած երկրի իշխանություն կերազի անել: Մեզանում այդ երազը լիարժեք իրականություն է դարձել միայն ու միայն ընդիմության անհամարժեքության շնորհիվ:
Հուսով եմ, որ գոնե այս ծանր պայմաններում թե միտինգային ընդիմությունը, թե իշխանությունները և թե կրիմինալը իրենց հաշիվ կտան ու մի կողմ կքաշվեն ազգային-պետական հարցերին իրենց ծառայություններից: