Հայաստանյան քաղաքացիական 10 այլընտրանքային պատվիրաններ
1. Որ իշխանությունը կազմակերպված ուժ է ի դեմս ուժային կառույցների, հաստա և սափրագլուխների, կրիմինալ և ստվերային սուբյեկների, որպես պարտք երկիր մտնող փողի աղբյուրների վերահսկման և հափշտակման գլխին կանգնած պաշտոնյաների: Մի խոսքով, Հայաստանի բնակչության մոտ 20 տոկոսն այս կամ այն կերպ մասնակից է թալանին և ստեղծված իրավիճակի հարատևման կողմնակիցն է:
2. Տիտղոսային ընդդիմությունը այս ամենի հիմնադիրն է և ներկայիս նրա կենտրոնաձիգ-միանձնյա ղեկավարության շախմատային կեցվածքն արդեն իսկ մեծ հարված է հասցրել ընդիմադիր հատվածին, տեղ չթողնելով քաղաքացիական, հորիզոնական կառույցների սկզբնավորմանը:
3. Շրջանառության մեջ եղած ընդդիմության դեմագոգիկ թեզն այն մասին, թե ով է մյուսներին խանգարում, թող նրանք ի հայտ գան, իրականում մի մեծ բլեֆ է: Հայաստանը ընդամենը 2 միլիոնանոց է: Այս թիվն արդեն իսկ փոքր է քաղաքական իրապես բազմազան դաշտ ունենալու համար: Եւ եթե դաշտում կա մեկը, որ ամեն շաբաթ ասում է, որ տեսեք, թե հեսա ինչեր եմ անելու, մարդիկ մնում են սպասումի մեջ – մի գուցե իսկապես մի բան ստացվի՞: Եւ այսպես սպասում են մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի, 10 տարի: Ու այս պայմաններում ոչ մի նոր մեկն էլ ի հայտ չի կարող գալ, որովհետև մարդիկ արդեն իսկ զինվորագրված են սպասելուն, հրաշքով փրկությանը: Ավելին, ամեն պահի ՀԱԿ-ը կենտրոնում է ոչ միայն իր շախմատով, այլ նաև իր դոգմաներով: Թե հանկարծ որևէ կողմնակի շարժում չանեք՝ բոլորովս կկործանվենք, թուրքը «մեզ կուտի», Եվրոպան չի հասկանա, դուք բան չեք հասկանում, մենք ենք շախմատիստը և մենք ենք գործը անելու: Սա մի կռապաշտ, բայց նաև հոգեբանորեն ուժային խաբկանք-հիպնոզ է՝ ընդդիմադիր մտքերի ու գլուխների համար:
4. Մարդիկ երկիրը լքում են հենց այս տետանուսից զզված: Ի վերջո, ինչքան կարելի է դիմանալ իշխանական ու ընդդիմադիր աբսուրդների:
5. Ոչ մի նոր ուժ էլ պետք չի, ուղղակի ճշմարտությունը պետք է հրապարակ մտցվի՝ որ ՀԱԿ-ն էլ, իշխանությունն էլ մեդալի 2 կողմերն են: Ոչ մի բան չեն փոխելու ու եթե անելիք կա, ապա դա հենց ամեն մեկիս՝ մեր շրջապատում այլանդակին, գազանին, անասունին կարգի հրավիրել, վնասազերծել, լուսանցք արտամղելն է: Ամեն մարդ պետք է իր ապրելու, աշխատելու իրավունքը, արժանապատիվ վերաբերմունք ունենալու իրավունքն իր բազկով, խոսքով ու կամքով հաստատի: Քաղաքացիական հասարակությունը դա ոչ թե մշտապես միայն բողոքի ցույցեր անողն է, ոստիկանի դեմ ամեն մի փոքր առիթով կռիվ տվողը, այլ հենց իր կողքի այլանդակի դեմն առնողը:
6. Մենք գործող օրենք չունենք, օրենքի պաշտպան ոստիկան ու դատավոր չունենք: Այս պայմաններում ինչպես ենք ուզում, որ կարգ ու կանոն լինի՞: Միայն ու միայն մեր ուժերով: Ինքապաշտպանություն, ինքնակառավարում, ինքնասիրություն ու ոչ մի փրկիչ:
Հայաստանում 5-ից 4-ը ընդիմություն են: Թող այդ մարդիկ հասկանան, որ իրենք մինչև հիմա եղած և հետագա իշխանավորներից շատ ավելի բարձր են որպես մարդ, որպես մասնագետ, որպես սկզբունքային քաղաքացի: Թող վերջացնեն ուրիշներից քաղաքական, տնտեսական ու հումանիտար օգնություն մուրալը: Թող ամեն մեկը տեր կանգնի իր արժանապատվությանը, իր կամքին: Մի զիջեք այն դուրսպրծուկների, խաբեբաների ու դեմագոգների: Մի հավատացեք ոչ միայն դրանց, այլև դրանց մանկլավիկներին:
7. Նիկոլի 1+1+1-ը ճիշտ բանաձև էր, բայց այն այլասերվեց, ենթարկվելով հրապարակ մտած հիպնոզին ու կռապաշտությանը: Միգուցե մենք դեռ պատրաստ չենք 1+1+1+-ին: Եւ եթե իրար գումարվել չենք կարող, ապա թող լինի 1, 1, 1, 1, 1: Դա առավել մեծ ուժ է, ավելի ինքնուրույն ու խոստումնալից: Որովհետև ամեն մի 1+1+1+-ի գլխին միշտ էլ հայտնվելու էր մի ուրիշը ու տեր կանգներ այդ զանգվածին /որը և եղավ/ :
Միմյանիցից զատ իր իրավունքները պաշտպանող մարդուց հզոր սուբյեկտ չկա աշխարհում: Ներկա արևմտյան ժողովրդավարության հիմքը հենց ինքնակենտրոն բողոքական մարդն էր, որը վերացրեց միջնորդի անհրաժեշտությունը Աստծո և իր մեջ, չընդունեց իշխանության միջնորդներին ևս և հռչակեց, որ բարեկեցիկ ապրելու համար ինքը դրանցից ոչ մեկի կարիքն էլ չունի:
Մենք շալակած ունենք մեր եկեղեցին, իշխանություններին, ուժայիններին ու մեր լավ տղերքին, ու հիմա էլ պարզվում է, որ պետք է շալակենք ու չոքենք ընդիմության տակ: Ոչ, ինքներդ ձեր ապրուստը վաստակեք, ձեր լոլոներին նոր ականջներ գտեք:
8. Կարծում եմ, որ վերջապես բոլորը կհասկանան, որ մեր պրոբլեմը ամեն մեկս ենք: Մեր անհեռատես միտքն է, որն ամեն պահի սերմն է ուտում, փոխանակ բերքը վայելելու, որը միայն որպես ամբոխ է կուտակվում և երբեք՝ որպես հավաքական միտք:
9. Եկեք հետ նայենք մեր հեռու և մոտիկ պատմությանը: Այն լավը չէ: Լավը չէ, որովհետև հավատացել ենք ոչ թե մեզ, այլ ստահակների, նահանջել ենք այնտեղ, որտեղ միայն հարձակվել էր պետք: Լսել ենք այնտեղ, որտեղ բղավել ու լռեցնել էր պետք, կռացել ենք այնտեղ, որտեղ դեմ հանդիման էր պետք լինել:
10. Եկեք վերջապես ամեն մեկս հենց մեր իրավունքը, մեր շահը, մեր սկզբունքը, մեր անձնական արժանապատվությունն իսկապես հարգենք ու պաշտպանենք: