Պետությունը, լոլոն և մենք
Պետությունը դա նախ և առաջ սեփականություն է
Տեսականորեն, ներկա դարում, պետությունը դա տվյալ տարածքի բնակչության սեփականությունն է:
Բայց իրականում որպես սեփականություն այն խիստ անհամաչափ է բաշխված մարդկանց միջև:
Նախնադարում այն տոհմի ավագինն էր: Թագավորների դարերում այն թագավորին էր ու իր մանկլավիկներինը: Մեր օրերում նույնիսկ դեմոկրատական երկրներն իսկապես բավական լայն զանգվածների սեփականությունն են, բայց նորից ոչ բոլորինը: Միշտ էլ, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում էլ կան «ավելի կարևոր, հիմնական» տերեր:
Չնայած պետության գերագույն տերերի առկայությանն ու սեփականության անհամաչափ բաշխմանը, նորմալ պետության ներսում միշտ էլ կա բարեկամության, համագործակցության, և փոխոգնության մթնոլորտ բնակիչների միջև: Առանց այդ ներքին միջավայրի անհնար է որևէ պետության գոյությունը:
Չնայած տիրոջ մեծ իրավունքներին, կայուն պետության ներսում հասարակ մարդիկ էլ իրենց բավարար իրավունքներն ունեն: Նրանց էլ որոշակի բարիքներ են հասնում ընդհանուր հարստությունից, որի շնորհիվ նրանք համաձայն են լինում մնալ այդ տարածքում, աշխատել, ծառայել բանակում, սերունդ աճեցնել:
Եվ տիրոջ տիրություն անելն էլ իր բավական մշակված ու հանրության համար հանդուրժելի սկզբունքներն ու տրամաբանությունն ունի: Այսինքն, անկախ սեփականության տեր լինելու աստիճանից, պետության բնակիչները որոշակի իրավունքների տեր են, որոնք չի կարող անտեսել և ոչ մի բռնապետ:
Եթե որևէ մեկն էլ ինչ որ մի պահի հաջողեցնում է բռնապետ դառնալ, ապա նա չի կարող հավերժ բռնապետ մնալ: Եթե նույնիսկ եկել, թրով ու սրով գրավել է երկիրը, ապա որոշ ժամանակ անց նա տեղացիներից ստեղծում է իր մտերիմների շրջանակը, որոնց շնորհիվ կառավարում է երկիրը: Մեկ-երկու սերունդ անց, արդեն մթնոլորտը հանդարտվում է, հին վերքերը մոռացվում են, մարդիկ բարյացակամ են դառնում, կյանքն իրենն է վերցնում, ու տիրոջ ու բնակչության մեջ համագործակցություն է սկսում տիրել:
Օրինակ, այժմյան օսմանյան թուրքերի ավելի քան 95 տոկոսը տեղի ժողովուրդների արյան կրողն է, բայց իրենք հաճույքով հոշոտում են իրենց նախնիներին որպես թշնամիների: Այսինքն, մարդկային բազմությունը դա դինամիկ, իր նվիրվածություններն արագորեն փոփոխող մի զանգված է, որը շարժվում է բարգավաճելու, լավին տիրանալու և վայելելու, նորմալի, կենսունակի պահանջներով:
Մի քանի սերունդների կտրվածքով դիտելիս, մարդուն վերջին հաշվով մեկ է, թե ինքը որպես թուրք կբարգավաճի, թե որպես հայ: Որտեղ արդյունքը մեծ եղավ, այն կողմ էլ կգնա մարդը: Ամերիկյան ազգերի միաձուլման կաթսայով անցածների միայն չնչին տոկոսն է հիշում, թե ինքը որ ազգից է սերվել:
Այսինքն՝ պետության բարգավաճման հիմնական պայմանը դա ներքին համաձայնության, համագործակցության, փոխօգնության մթնոլորտի առկայությունն է, որը, չնայած առկա մեծ անտագոնիզմին իշխողների և իշխվողների միջև, ապահովվում է թե վերևից, և թե ներքևից:
Ասվածն իհարկե վերաբերում է արդեն կայունության հասած պետություններին:
Միջազգային քաղաքական վակուումի պայմաններում ինչ որ տարածքի վրա նոր ստեղծվող պետությունների դեպքում լրիվ այլ տրամաբանություն է գործում: Պարտվելով այլ գեոքաղաքական դաշտերում, նախկին տերը արագորեն վերանում է ասպարեզից, բայց նորն էլ դեռ չի հայտնվել: Այս պայմաններում տեղի բնակչության միջից ի հայտ են գալիս տիրություն անելու ամբիցիաներ ունեցողները, որոնք տարբեր լոզունգներով ու խոստումներով իրենց վրա են գրավում մարդկանց ուշադրությունը, թե դուք ինձ օգնեք տեր դառնամ, ես ձեզ բոլորին «ոսկու մեջ կլողացնեմ»:
Ու սկսվում է աբսուրդը: Մարդիկ տեղյակ չեն տեր լինելու թեկնածուի մարդկային որակներին: Իրենք հասարակ, օրվա հացով ու պրոբլեմներով ապրող են ու չգիտեն, նույնիսկ մտքներովն էլ չի անցնում, որ մեկ ուրիշը կարող է բոլորովին այլ արժեքների ու նպատակների կրող լինել և կեղծել իր հրապարակային մղումներում:
Սկզբում այդ մեկը միայն ամբիցիոզ կարող է թվալ, բայց իշխանություն վերցնելուց հետո նա դառնում է ագահ, արյունարբու ու խորամանկ: Եվ որովհետև հասարակության մեջ չկա նախկին միասնականությունը, համագործակցության ու փոխօգնության մթնոլորտը տիրոջը սաստելու համար, այս նոր եկածը բազմաթիվ առումներով մարդկանց համար դառնում է անտանելի մի բռնապետ:
Ստեղծված պայմաններում ամեն մեկը փորձում է ինքնուրույն դիմակայել դժվարություններին: Հասարակությունը մասնատվում է, ատոմացվում և այն արդեն կայուն պետություն կերտելու ունակ չէ և մտածում է անձնապես փրկվելու ուղիներ գտնելու մասին:
Երկիրն էլ դառնում է ինտրիգների ասպարեզ:
Իներցիայով իրար են հաջորդում մի քանի տերեր, իրար ոչնչացնելով, մինչև այդ տարածքի ներքին թուլությամբ հրապուրված, չի հայտնվում դրսի մի ավելի հեռատես տնօրեն, սրի քաշում բնակչության ավելցուկին, հենց հներից նոր մանկլավիկներ կարգում ու գնում իր մետրոպոլիայում, նաև այս նոր գրավված «հիմարների» հաշվին անհոգ ապրելու:
Այս արյունոտ սցենարից խուսափելու միակ ձևը ժողովրդի ներքին փիլիսոփայական, աշխարհայացքային մոտեցումների վերանայումն է՝ հօգուտ անողոք խստապահանջության, պատասխանատվության հանդեպ բոլորը՝ թաղի լակոտը, ոստիկանը, հաստավիզն ու մնացած բոլոր անկապ խաղացողները: Անողոք ասածի մեջ անպայման մտնում է պատիժը: Ոչ միայն դատարանի որոշմամբ, այլ նաև զուտ հասարակական վրեժի ուժով:
Եթե պետություն չկա, ավազակապետություն է, չի գործում գրված օրենքը, ապա ինչպե՞ս կարելի է թեկուզ և գրված, բայց չգործող օրենքի հույսին տարիներ շարունակ թալանվել ու հոշոտվել մի քանի, մեղմ ասած՝ հասարակության հետ կոշտ վարվելու ձևերին տիրապետած անհատների կողմից:
Ավազակապետություն հռչակելուց հետո ինչպե՞ս կարելի է առողջ տրամաբանության բոլոր սկզբունքներին դեմ, հետ կանգնել հռչակած վիճակի տրամաբանությունից ու դիմել դատարանների, դատախազների, ոստիկանների, օրենքներին ու սահմանադրությանը:
Ներկա մարդկային տրամաբանությանը դժվար է ընկալել, թե ինչպես կարելի է հանդուրժել բանակ տարած տղայի հոշոտված դիակը հետ բերողին: Արաբները դրա դեմ սկսեցին օգտագործել ինքնասպանության պատրաստ մարդկանց` որպես պատիժն իրացնողների, կիրառումը: (Կարևոր չէ, թե դրանում երբեմն ներգրավվում են երեխաներն ու արդեն դժբախտացած կանայք- կարևորը երևույթն է, դիմադրության ձևը):
Ես հասկանում եմ, որ մենք որպես իբր քրիստոնյա ազգ հեռու ենք դրանից, բայց իմ կարծիքով ոչ այնքան, որ բացարձակ անուժ լինենք անձնապես վրիժառու լինելուց:
Ամենաանգրագետ մարդ արարածն էլ ունի բավարար խելք՝ ջոկելու «ճիշտն ու սխալը» և կարող է եզրակացնել, թե ինչն ինչոց է: Բայց մարդկանց 99 տոկոսը չունեն հաստատակամություն՝ իրենց կարծիքը կյանքի կոչելու: Մանավանդ երբ հրապարակային դեմքերն ասում են, թե «դու մի խառնվիր, դու լավ չգիտես, ես ու իմ տղերքը՝ կրթված, կարդացած, ամենագետ ենք»: «Հեսա տես, թե ոնց ենք միջազգային իրավունքի նորմերով էս իշխանության «վատ տղերքին» ախոռից հանելու ու ձեզ էլ երջանկություն պարգևելու»:
Այ այս հիպնոտիկ երազին հավատալն է, որ մարդկանց զրկում է իրենց իրավունքը հետապնդելուն տեր կանգնելու կամքից:
Սա փաստորեն «Նոր Սասունցի Դավթի” մի յուրօրինակ տեսլական է, որը հռչակում է, թե մենք ժողովրդով բանի պետք չենք, անուժ ենք ու անկարող: Հեն է, մեր մեջ կա մեկը, որն ամեն ինչ գիտի, խելքն էլ ծով է՝ խոստացել է ու կփրկի մեզ:
Այս թմբիրից շատ քչերն արթնացան, նույնիսկ երբ այդ նոր դավիթը օգնություն էր սպասում-մուրում իշխանական մանկլավիկներից: Դրանից հետո էլ, լրիվ կործանված նախաձեռնություններից հետո էլ, միևնույն է, մարդիկ գերված են առանց սեփական ջանքը թափելու փրկվելու դարավոր հեքիաթին:
Վերադառնալով բուն նյութին, շեշտենք, որ Մետրոպոլիայի հեռանալուց հետո, նորմալ, հանդուրժելի, վերատադրվող և ինքնուրույն կայուն պետություն կերտելու սկզբնական փուլում միակ պայմանը բոլոր մարդկանց սթափ վերաբերմունքն է կողքինի հանդեպ: Հենց մեկը տեսավ, որ իր կողքինը մի սրիկայություն, «կեղտոտություն» արեց, նորմ ու հասարակական սկզբունքը խախտեց, պետք է այդ մասին իմանան մյուսները, ու էդ մեկի հարցերը լուծեն հենց մարդիկ, ժողովուրդը: Այսինքն պետք է գործեն պատժի չգրված օրենքները:
Միայն այն պահից հետո, երբ պետության ներսում նորմավորվում և կայունանում է հասարակական հարաբերությունների դաշտը, արդեն դատարաններն ու գրված օրենքներն են մտնում ուժի մեջ: Եվ հասարակութունն էլ անցնում է նորմալ կյանքի: Ամեն մեկն էլ ապրում, գոյատևում է իր գործի և կողքինի իրավունքները հարգելու հաշվին, և ոչ թե դիմացինին հոշոտելու հաշվին:
Ի մի բերելով կարելի է եզրակացնել, որ քանի դեռ իշխանությունը ենթակա չէ մարդկանց, ժողովրդին, ժողովուրդն այլ անելիք չունի, քան իշխանավորին, իշխանավորի մանկլավիկին, ինչպես նաև կեղծ ընդիմադիրին կարգի հրավիրելը, հետևելը և պետք եղած դեպքում նաև նրանց «գլուխը ջարդելը»:
Մենք այս տրամաբանությունից հեռու ենք եղել դարերով ու վերջին 22 տարում էլ առանձնապես: Երկիր քանդեցինք, կես ազգ արտաքսեցինք՝ սարքեցինք գաղթական, բայց դեռ շարունակում ենք «լոլոների» հավատալը: Վրացիներն իրենց հաստավզին հենց իրենք, դեռ 1993-ին բնում խեղդեցին: Այդ լուրը Հայաստան չմտավ, «չներմուծվեց», չգնահատվեց, չընկալվեց, ու առհասարակ արձագանք չգտավ: Մենք և վրացիք դրսևորեցվինք որպես տրամագծորեն տարբեր աշխարհընկալման ու արժեհամակարգերի կրողներ:
ԵՎ արդյունքում մեզ մոտ դրության տեր դառավ հաստավիզն ու նրա վրա հենված իշխանությունը: Իսկ վրացիք դանդաղ, բայց հաստատակամ, չնայած տարածքային կորուստներին, շարժվում են նորմալի ուղղությամբ:
Եթե Հայաստանում մի «կլարա» կարող է 100 կնկա քշել բերել հրապարակ՝ կեղծ միտինգի ու էնտեղ զակազով պահել ինչքան կուզի, ապա սա պաթոլոգիա է, շատ խորը պաթոլոգիա: 15 թվին էլ մի թուրքի լամուկն էր նույն տրամաբանությամբ ու սկզբունքով իր ընկերներով մի հայկական գյուղ լցնում եկեղեցի ու վառում:
Ստացվում է, որ մենք փորձ չենք ներառում ոչ ուրիշներից, ոչ էլ նույնիսկ մեր պատմությունից: Բայց մյուս կողմից էլ ես հույս եմ փայփայում, թե գոնե հարյուր տարի անց, մենք կկարողանանք հաղթահարել մատը մատին չխփելով փրկվելու հեքիաթային տեսլականը: Որպես գործիք կվերցնենք ոչ թե շատ կասկածելի մի նոր սասունցի դավթի, այլ կօտագործենք մեր իսկ խելքը, այլոց հրեշությունը մեր թուլություններից տարբերակելու համար:
Կկիրառենք մեր կամքն ու իմաստությունը դիմադրելու և ինքնուրույն, ապահով կյանք կերտելու ու անվտանգ ապրելու համար: