Հասարակական, պետական և մարդկային հարաբերություններում աշխատող սկզբունքները բարի կամքով չեն իրագործվում, այլ հիմնված են մարդու ներքին մղումների, շահերի, իրավունքների ու դժվար տեսանելի կրքերի վրա: Որոնք էլ իրենց հերթին խարսխված են մարդ էակի կենսաբանական- հասարակական տրամաբանության վրա:
Սույն հոդվածում ես քննարկման եմ դնում թե մեկը և թե մյուսը, որովհետև միայն դրանց համատեղ իմացությամբ է հնարավոր հասկանալ և գնահատել մեր ներկա ներքին և արտաքին քաղաքական բարդույթների համույթը:
1. Հասարակական հարաբերությունների տրամաբանական դաշտը:
«Ամենահիմար» իշխանությունը, եթե այն վերատադրվող է, ունի զսպող լծակներ ու մեխանիզմներ, որոնցով իրեն ենթակա է պահում հասարակությանը:
Իշխանությունը դա ճնշիչ մեքենա է, որը տվյալ հասարակության համար հանդուժելի ձևերով ապահովում է իր մարմինը կազմող անհատների դիրքերը, շահերն ու իրավունքները:
Իշխանությունը նրանն է, ով այդ պահին դրության տերն է: Եթե մարդկանց 99 տոկոսն էլ միտինգի կանգնի ու շաբաթը, եռամսյակը մեկ, տարիներով, նույնիսկ դարերով գոռա, թե իշխանությունը ավազակների ձեռքում է, դա բան չի փոխի, եթե իշխանություն վերցնելու ձևը չի գիտակցված, ի ցույց դրված և դրան պատրաստ չէ ընդիմությունն ու հասարակությունը:
Իշխանությունը վերցնելը դա միայն խոսքը չէ, դա ճշմարտություն բարբաջելը չէ, ժողովրդին բորբոքելը չէ: Իշխանություն վերցնելը դա խորը մտածված, հաշվարակված համարժեք մեթոդոլոգիա է՝ որոշակի գործելակերպ և հասարակական-քաղաքական տրամաբանություն՝ որից, ըստ եղած դրսևորումների, անտեղյակ են շատերը:
ԵՎ մեթոդոլոգիան էլ տարբեր է՝ կախված իշխանության ուժային -պաշտպանական կառուցվածքից և դրան հակադրվող ընդիմության և ժողովրդի հասարակական պատկերացումներից ու արժեքային համակարգերից:
Հայաստանը ոչ տնտեսություն, ոչ նորմալ ապրուստ կամ գոյատևման մեծ ռեսուրսներ ունի, բայց ունի իշխանությունը վերարտադրելու պարզ, ցինիկ ու բացահայտ դաժան մեխանիզմներ: Իշխանությունը նույնիսկ զինված բանակներ ունի, որոնք պաշտպանում են իշխանության բոլոր անհատներին՝ սկսած քարտուղարուհուց՝ վերջացրած օլիգարխով ու նախագահով:
Սա նորմալ է ու տրամաբանական:
Առհասարակ անօրեն իշխանությունն ամենահեշտ միջոցն է այլոց հաշվին հարստանալու: Դրա համար էլ ամեն տրամաբանող և շահախնդիր մարդուն յուրահատուկ է սկզբից այդ հեշտ միջոցին ապավինելը, այսինք ամեն գնով իշխանության տիրանալը: Եթե դա չհաջողվեց, այսինքն դիմացինը չթողեց, որպեսզի իրեն շահագործեն, ապա մարդը սկսում է մտածել ավելի դժվար ձևերով իր շահերը բավարարելու, առաջ տանելու մասին: Փոխում է ոլորտը, ձևերը, մեթոդները, բայց մտքինն էլի նույնն է՝ առավել հեշտ ձևերով իշխելը, դիմացինին շահագործելը:
Սա նորմալ հասարակական և նորմալ մարդկային տրամաբանություն է:
Սա ժամանակակից արևմտյան, ժողովրդավար, ձեռներեց մարդու, նույնիսկ չինացու կամ նորվեգացու օրինական կենսաձևն ու վարքագիծն է:
Վատը, բայց ոչ անտրամաբանականը, սկսում է ավելի վերև, երբ այդ մարդկանցից առավել «շուստրիները/ ձեռներեցները/ հանցագործները/ պատեհապաշտները», տեսնելով, որ շրջապատում լիքն են հանդուրժողներն ու չդիմադրողները, սկսում են արդեն ոչ միայն «շուստրիությամբ», այլ նաև բռնի ուժով ու շահագործմամբ ստրկացման տանել իր հարևանին, բարեկամին, ողջ հասարակությանը:
Գնալով, երբ մեծ թալանի շնորհիվ կուտակված հարստություն է մեջտեղ գալիս, նրանք արդեն ստիպված են պաշտպանելու այն զինված թիկնապահ զորքով ու բանակներով:
Եւ արդյունքում ամեն մի «իրեն հարգող» փողատեր ունի թիկնապահներ, որոնց թիվը առաջին «օթյակի տղերքի» դեպքում, նույնիսկ վաշտերով, գնդերով ու ամրոցներով է հաշշվում:
Ինչի՞ համար է թիկնապահ զորքը: «Մեր Լավ Տղուն» պաշտպանելու՞: – Ոչ միայն:
Այդ զորախմբի իմաստը նրա իշխանության վկայականն է, այն իրացնելու մեխանիզմը: Դրանք և պաշտպանություն են, և ահաբեկման գործիք՝ թե թալանվածներից և թե առավել կարևորը՝ կողքիններից ու իրենից վերև եղած բոլոր «Լավ Տղերքից»՝ ընդհուպ մինչև նախագահը: Որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի իր խաթրին կպնելը:
Սա մարդկայնորեն իհարկե վատ է, բայց կենսաբանորեն, հասարակայնորեն խիստ տրամաբանական:
Ավելին, սա թույլ հասարակություն և տնտեսության բացակայություն պարագայում հնարավոր ամենակուռ իշխանական կառույցն է, երբ իշխանություն ասածն ընդամենը մակաբույծ ապարատ է մի փակ տարածքի ու հասարակության վրա, ուր բոլոր ելքերն ու մուտքերը աչալուրջ հսկողության տակ են:
Սա էլ վատ է, բայց հասկանալի ու տրամաբանական:
Ահա այս կառույցի դեմ արդեն 15 տարի շարունակ, կանգնած է հայկական ընդդիմությունը, որը փորձում է համոզել «տղերքին» զիջելու իշխանությունը, որովհետև իրենք իբր ավելի լավն են: Ավելի լավ կկառավարեն՝ համաձայն «օրենքի» ու «մարդկային սրբությունների»: Պահանջում են, որ իշխանությունը ինքնակամ կտրի իր որոշ ճյուղերը /ոչ բոլորը՝ օրինակ պադավատը վերացնելու մասին խոսք չկա 91-ից ի վեր, և հակառակը՝գնալով ընդլայնվում է/, որոնց վրա նստած է ներկա իշխանությունը: Պահանջվում է ընտրական՝ իբր մաքրություն, արդար՝ իբր դատարան, խելոք՝ իբր պառլամենտ և այլն:
Այ սա աննորմալ է ու խիստ անտրամաբանական:
Աշխարհի որևէ երկրի իշխանությունը նորմալ է աշխատում ոչ թե որ լավ, գրագետ կամ ոչ- ավազակ մարդկանցից է բաղկացած, այլ որովհետև եթե սխալ արեց, մարդիկ, հասարակությունը, նրանց կարգի կհրավիրեն իրենց իմացած ձևերով:
Ամերիկացիք ուղղակի գնդակահարում են իրենց նախագահներին ու այլ կարգազանցներին: Անգլիացիք՝ 800 տարեկան պառավ ու անաթոռ պառլամենտում հարցում անում վարչապետին, հրապարակայնացնում հարցը և տվյալ մարդու հարցը լուծում: Ճապոնացիք խարակիրիի են մղում, ու ամեն քայլափոխին թքում երեսին՝ մինչև ինքն իրեն չկործանի: Ֆիզիկական վախը, հասարակական կարծիքն ու դիմացինի ուժն է ստիպում իշխանությանը նորմալ աշխատելու:
Ժամանակակից ժողովրդավարությունը դա 4 իշխանությունների /օրենսդիր, գործադիր, դատական, մասս-մեդիա/ բալանս ասածն է՝ ուժային, ամենօրյա, ամենժամյա, ամեն պահի անզիջում պայքարն է:
Գործադիրը սխալ է անում՝ լրատվությունը հայտնում է այդ մասին, դատարանը դատում է: Օրենսդիրն էլ կուտակելով նման դեպքերը օրենքներ է մշակում հետագա նմանօրինակ սխալները չկրկնելու համար: Գիշերներն էլ բոլորով իրար են հետևում, թե ով ում մոտ գիշերեց, որ ցերեկով իրար ոչնչացնելը շարունակեն:
Սա հայկական «չուզողությունը» չի: Սա լուրջ, հասարակական, քաղաքական մեխանիզմ է, որն աշխատում է հարկատուից, այսինքն հասարակ մարդկանցից գանձված փողերով և վերահսկվում է հասարակության կողմից: Եւ բացի ինքնուրույն ֆինասավորվող մասս-մեդիայից այն ենթակա է պատասխանատվության:
2. Կենսաբանականը
Որպեսզի սույն, Հայաստանից դուրս եղած աշխարհում լայնորեն հայտնի քաղաքական-հասարակական հարցադրումները չմնան օդում կախված, համարվեն արհեստածին և վերագրվեն այլոց, բայց ոչ մեզ, քննարկենք նույնը կենսաբանականի, ինչ որ առումով սոցիալ-դարվինիզմի տեսանկյուններից:
Կենսաբանության ամենահիմնարար օրենքը, դա ժամանակի և տարածության մեջ տեսակի էքսպանսիայի՝ տարածման -նվաճման ֆենոմենն է: Որը իրացվում, իրագործվում է ամեն մի անհատ օրգանիզմի մակարդակով, իսկ սոցիալական տեսակների մոտ՝ նաև ողջ հանրության հավաքական բնազդային քայլերի ու վարքագծի շնորհիվ:
Ամեն անհատ ձգտում է իր գեների տարածմանը, հետագա սերունդներում իր ընդլայնված ներկայության ապահովմանը: Հենց այս՝ գենային մակարդակով ներդրված կենսաբանական սկզբունքն է, որը ստիպում է ամեն մեկին ձգտել՝ հասնելու կողքինների/դիմացինների հանդեպ առավել դիրքերի:
Ասել կուզի ամեն առանձին մարդ-անհատ արարածը, որպես կենսաբանական էակ, շարժվում է կենսաբանական օրինաչափություններով, որոնք պարտադրում են սեփական էգոյի առաջնայնությունը մյուսների հետ հարաբերություններում:
Նա պարտավոր է ագրեսսիվ լինել դիմացինի հանդեպ և իր շահն առաջ տանել: Բայց մյուս կողմից էլ, որպես հասարակական սկզբունքներով գոյատևող տեսակ, մարդ անհատը պարտավոր է ենթարկվել հասարակական համակեցության, փոխոգնության և պաշտպանության ընդհանուր սկզբունքներին և նաև դրանցով շարժվել:
Թե ինչքանով հարմոնիկ են ու իրար օգտակար անհատն ու նրա հասարակությունը, դա արդեն տվյալ հասարակության ներսում եղած ավանդական գաղափարախոսության, փիլիսոփայության նյութն է: Որն էլ իր հերթին գոյանում և գոյատևում է հասարակության մեջ եղած առողջ գաղափարների և նրան հակադիր՝ «լոլոների» պայքարի հաշվին:
Անհատն ու հասարակությունը որոշակի անտագոնիզմի մեջ են: Այդ հարաբերությունները մի լայն սպեկտր են ներկայացնում: Սպեկտրի մի կողմում հրեշ, ռեցիդիվիստ հանցագործն է, մյուս կողմում ինքնազոհ ալտրուիստը: Ծայրահեղ խաթարված վիճակներում հրեշի և ինքնազոհողի սահմանը կարող է նույնիսկ վերանալ՝ օրինակ 100-ավոր անմեղ մարդկանց հանդեպ տեռոր իրացնող ինքասպան ահաբեկիչի դեպքում:
Լինելով ինքնուրույն, մարդը սուբյեկտը ամեն պահի ինչ-ինչ հարաբերությունների մեջ է կողքինների հետ: Եւ այդ հարաբերություններում ամեն մեկը ձգտում է շահել, գերակա դիրքերի ձգտել և շեղել հավասարակաշռությունը հոգուտ իրեն: Այդ պրոցեսը անընդհատ գեներացնում է կոնֆլիկտ՝ տվյալ մարդու և մյուսի միջև: Եւ մարդը իր ժամանակի մի մեծ հատված զբաղված է այդ կոնֆլիկտները սպասարկելով, այսինքն տեր կանգնելով իր շահերին:
Կախված հանգամանքներից ու հնարավորություններից, ինչ որ մի պահի մեկը կարող է մյուսից որևէ անհիմն զիջում պահանջել: Այդ պահին տվյալ անհատը հայտնվում է նոր իրադրության առջև: Նա կամ պետք է բավարարի, կամ մերժի, կամ էլ ավելին, ինքը հանդիպակած պահանջը դնի, այսինքն էսկալացնի կոնֆլիկտը: Դիմացի կողմը կարող է նույնը անել: Եւ այսպես շարունակ, անկախ սկզբնական պահանջից, «մի կաթիլ մեղրի» տրամաբանությամբ, կոնֆլիկտը կարող է էսկալացվել, թեժացվել մինչև դիմացինի ոչնչացումը:
Այս առումով խիստ կարևոր է ֆիքսել կոնֆլիկտի թեժացման պահը: Կոնֆլիկտի ակընհայտ ագրեսսիվ էսկալացիայի դեպքում, չպարտվելու համար, ինչ որ պահից սկսած պետք է առաջ անցնել սպառնալիքների մեջ:
Կոնֆլիկտն սկսելն արդեն ինքնին ծրագրավորված գործողություն է: Եթե նախահարձակ կողմը գնացել է այդ քայլին, ապա հաստատ նախորոք հաշվել է հնարավոր պատասխանները: Եթե ամեն անգամ էսկալացիոն հաջորդ քայլը գալիս է նույն առաջին հրահրողից, ապա դիմացինի թեկուզ համարժեք պատասխանը միշտ էլ ետ է մնալու իրական վիճակից և նա ի վերջո պարտվելու է:
Ծրագրավորված պարտությունից խուսափելու համար հարձակվողին պետք է կանգնեցնել հանդիպակած էսկալացիայով: Այսինքն նրան կանգնեցնել փաստի առջև, որ դու ինքդ ես պատրաստ առավել կտրուկ միջոցների: Դա առնվազն կսթափեցնի դիմացինին և կստիպի վերահաշվարկել իր անելիքները:
Իրավաբանության մեջ հայտնի իրողությունը, որ հաճախ հենց զոհն է հրահրում իր վախճանը, հիմնված է հենց այս ֆենոմենի վրա՝ անվերջ զիջողականության ու ռեակտիվ գործելակերպի ու անտեղի թուլության վրա, որոնք ինքնին էսկալացիա են խրախուսում:
Կոնֆլիկտին տեր կանգնելը ամեն անհատի պարտականությունն է: ԵՎ դրա անտեսումը վերջին հաշվով խորապես հակահասարակական կեցվածք է:
Սովետ Միությունն ու ԱՄՆ-ն իրար դեմ 20 000-ական հրթիռ ունեին ու իրար տեսնելիս ձեռքները հեռվից իրար պարզած էին մոտենում, որ հանկարծ դիմացինն այլ բան չմտածի:
Այո «քարի մեջ արյուն կա», եթե այն միայն մեկի ձեռքում է, բայց «քարը» նաև խաղաղություն է, եթե այն 2-ի ձեռքում էլ է:
Մենք պատմականորեն դժբախտ ենք դարձել, դրսում գենոցիդի ենթարկվել ու ներսում էլ շարունակում ենք կեղեքվել, ավիրվել՝ միայն ու միայն մեր ներքին ու արտաքին կոնֆլիկտները սպասարկելուց հրաժարվելու, դիմացինին պատժելու, այլաբանորեն ասած, քարից “վախենալու” պատճառով:
Զիջել ենք թուրքին՝ կոտորվել ենք: Զիջել ենք մեր ներսի թալանչուն, ահաբեկիչին՝ երկիրն ենք հասցրել կործանման եզրին:
Այսօր զինված ռազբորկաներ անող, իրենց շահը հետապնդող լակոտ-լուկուտը շատ անգամ ավելի մոտ են ժողովրդավարության պահանջներին ու առհասարակ մարդկային նորմալին, քան պացիֆիստ ու քաղաքակականապես տգետ, ճառաբանող, բայց բնականից ու տրամաբանականից շատ հեռու երևելիները:
Մեզանում՝ իմ ֆեյսբուքյան ընկերոջ պատկերավոր` “Միատ փախի ստուց”- մտքի գիտակցումը չկա: Համատարած չկա:
«Լավ, էլի~~~-ն» է տերը, տիրականն ու սկզբունքը: