Սովետ միության փլուզումից հետո Հարավային Կովկասը մնացել է որպես սառեցված հակամարտությունների թեժ գոտի և որևէ նոր, անսպասելի քայլն այստեղ կարող է մեծ աշխարհաքաղաքական փլուզումների պատճառ դառնալ: Բանն այն է, որ այստեղով էին անցնում երկբևեռ աշխարհի սահմանները և նոր սահմանների գծագրումը դեմ է առել բազմաթիվ առումներով ոչ հստակ և թաքնված խնդիրների:
Երկբևեռության անհետացումը մեր ռեգիոնում առանձնահատկություն ունի իր մեջ: Ի տարբերություն եվրոպական հատվածի, ուր պրոցեսն ընթացավ հիմնականում երկբևեռության սահմանին հարող երկրների վերակողմնորոշման շնորհիվ, Կովկասում ոչ միայն երկրների վերակողմնորոշման հարցն է դրված, այլ նաև նոր հեռանկարի՝ Թուրքիա-թուրան գաղափարի «անսպասելի» վերածննդի ու ծավալման հարցը:
Քանի որ խնդիրն անմիջականորեն առընչվում է Հայաստանի ու տարածքում հայության ապագայի հետ, ես կարծում եմ, որ առաջինը մենք պետք է գնահատենք և հասկանանք ստեղծված կացությունը:
Սակայն, զարմանալիորեն, ռեգիոնալ հարցերի քննարկումն ու բացահայտումը լռեցվածների շարքին է պատկանում:
Եթե Թուրքիային ձեռնտու է այս թաքուն ընթացքը, ապա ես որևէ բացատրություն չեմ տեսնում, թե մենք ինչու ենք ենթարկվում մեզ կործանման տանող այս «խաղի օրենքին» և «պահում» մեր բաժին լռությունը:
Եկեք խախտենք այդ լուռ «խաղը» և քնարկենք իրավիճակը, ուսումնասիրելով այն ռեգինում շահեր ունեցող և հետապնդող սուբյեկտների դիրքերից, առանձնապես շեշտելով շղարշվածությունը պահելու այս կամ այն սուբյեկտի շահն ու տրամաբանությունը:
ԵՎ այսպես, հարցի շղարշված լինելուն նպաստում են մի կողմից՝
Ա- Թուրքիայի քողարկված, բայց և բազմակողմանի ագրեսիվ և շեղող քայլերը ուղղված իբր եվրոմիություն մտնելուն, մարդու և ազգերի իրավունքների պաշտպանությանը:
Մակերեսային դիտորդի համար թուքական մղումները կարող են մի գուցե ժողովրդավարության հետապնդում թվալ: Բայց մյուս կողմից էլ, առավել խորը դիտարկումը ցույց կտա, որ Թուրքիան խնդիր է դրել ռեգիոնալ գերուժ դառնալու և ինքն է որոշում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ցուցադրման է դնում այն նրբորեն մշակված կեղծը, ինչը ձեռնտու է ցուցադրել և ապակողմնորոշել: Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին ինտեգրվելու՝ նրա դեռ երկու տասնամյակ առաջվա կեղծ թե անկեղծ ձգտումը ներկայումս ոչ միայն օրակարգում չէ, այլ ավելին, օգտագործվում է որպես հարմար շղարշ՝ իրական նկրտումները թաքցնելու համար:
Ըստ բազմաթիվ դրսևորումների, /Հայաստանի շրջափակում, ադրբեջանական բանակի տեխնիկական և խորհրդատվական սպասարկում, միջազգային ատյաններում միացյալ դեմարշներ և միջոցառումներ, աշխարհով մեկ տարվող հակահայկական դասախոսություներ, Հայաստանի գոյությունը մերժող կամ նենգափոխող քարտեզների հրապարակում և այլն/, Թուրքիան հարցականի տակ է դնում Հայաստանի գոյության փաստն իսկ: Այդ երկրի համար Հայաստանը անթաքույց թշնամի է, և Հայաստանի տարածքն էլ դիտվում է որպես թուրանական պրոցեսին խանգարող հիմնական ֆիզիկական արգելք: Թուրքիայի ներկա արտաքին քաղաքական հիմնական վեկտորը դա Հայաստանի չեզոքացումն է որպես երկրի, և տարածքի գրավումը՝ որպես միջթուրանական հողակտորի:
Բ- ԱՄՆ շարունակվող բազմաճակատ և ինքնանպատակ պատերազմները անդառնալիորեն նսեմացրել են նրա որպես գեոքաղաքական միակ բևեռ՝ գերուժ լինելու և գլոբալ որոշում կայացնողի դերը և շատ ու շատ հարցերում մղել դիտորդի կարգավիճակի:
Ավելին, մեր ռեգիոնում ԱՄՆ-ն ունի իռացիոնալ և այլոց շահերով թելադրված դիրքորոշումներ Իրանի և Ռուսաստանի հանդեպ և անհամաչափ ներողամիտ վերաբերմունք Թուրքիայի հանդեպ: Ըստ որում՝ իռացիոնալը առկա է տարբեր հարցերում, սկսված Իրանի հանդեպ կասկածելի հիմնավորված մեղադրանքներից ու քրդական հարցի խլացումից, վերջացրած Կիպրոսի և Հայկական գենոցիդի ոչ-ադեկվատ գնահատման ոլորտներով:
Սույն դիքորոշումը մի կողմից սառը պատերազմի իներցիայի արդյունք է, մյուս կողմից էլ պաշտպանվում է Իսրայելի գլոբալ գեոքաղաքական կեցվածքի պահանջներին ենթակա լինելու հանգամանքով: Ներկայումս չնայած իրավիճակը կտրուկ փոխված է, բայց ԱՄՆ-ն աններելի իներցիոն է և ոչ ինքնուրույն՝ այս դրվածքը սկզբունքայնորեն վերանայելու քաջություն դրսևորելու համար:
Գ- Եվրոմիության երկրների ներքին տնտեսական, և մասնավորապես դեմոգրաֆիական ծայրահեղ սրված թնջուկները թույլ չեն տալիս այդ գերուժերին առավել լուրջ և իրենց հեռահար շահի պաշտպանությամբ լիարժեք գնահատելու Կովկասյան պրոցեսները: Այդ երկրների միակ նկատելի գիծը տարածաշրջանում, դա նավթամուղի և գազամուղի իրենց հասնելն է և նրանց մոտ առերես բացակայում է ընդհանուր, համաեվրոպական հեռահար քաղաքական շահի գիտակցումն ու նրա հետապնդումը:
«Եվրամիություն» կոչված գեոքաղաքական կառույցը արտաքին հարցերում դեռևս չունի որպես միացյալ որոշում ընդունող սուբյեկտ հանդես գալու որևէ գործուն մեխանիզմ: Հետևաբար և նրա դերը ռեգիոնում զուտ խորհրդակցական է և ինչ որ տեղ նաև անպատասխանատու: Շահերով հանդես են գալիս միայն կոնկրետ եվրոպական երկրներ, որոնց նպատակը բացի խողովակներից, հիմնականում հայկական հարցի ետկուլիսային շահարկմամբ Թուրքիայի հետ բազարներ անելն է:
Դ- Ռուսաստանի ռեգիոնալ դիրքորոշումը: Չեչենական ու օս-վրացական պատերազմների, Աբխազիայի ու Ղարաբաղի հարցում ցուցաբերած տատանողական վերաբերմունքով ու այլևայլ մանրամասներով երևակվում է, որ Ռուսաստանը լինելով ռեգիոնալ հարցերում անմիջականորեն շահագռգիռ կողմ, չի պատկերացնում իր գերակայությունները, իր անելիքն ու դերը տարածաշրջանում:
Մի օր դա տնտեսականն է, մի օր քաղաքականը, մի օր անհասկանալի անտեղյակությունը, կամ բացահայտ անկարողությունը:
Նրա քայլերը հատվածային են ու ռեակտիվ: Ռուսաստանում չկա սեփական ապագայի կոնցեպտի որոշակիություն և նույնիսկ ավելին՝ այն փաստացի բացակայում է: Անհասկանալի է, թե Ռուսաստանում որն է ներքին և արտաքին հարցերի շուրջ որոշումների ընդունման մեխանիզմը: Ում իրավասության հարցն է դա՝ Դումայի, նախագահի, թե ինչ որ մի գեներալի:
Ռուսները մշտապես զլանում են ժամանակին հանդես գալ որպես իրենց շահերի նախաձեռնող և հետևողական պաշտպանների: Նրանք՝ ճիշտ որ «ռուսական քնած արջ» վարքի շրջանակներում, միշտ էլ ուշ են արձագանքում իրադրությանը՝ սկզբնական կորուստները ետ բերելով անհամաչափ կորուստների ու դաժանության գնով:
Եթե նման դանդաղաշարժությունը ինչ որ տեղ բացատրելի է եղել նախորդ դարերում, ապա ներկայումս այն աններելի ժամանակավրեպ է: Լինելով իբր մեր դաշնակիցը, մենք այնուհանդերձ չենք կարող ռուսների վրա հույս դնել որևէ հարցում:
Ե- Ռեգիոնի մյուս շագահագռգիռ պետությունը՝ Իրանը ինքնուրույն ուղիների փնտրտուքի մեջ է որպես հասարակություն և որպես պետություն: Թե առաջներում և թե ներկայումս Իրանի՝ գեոքաղաքական գործընթացների մեջ ներքաշվելը որոշակի էմոցիոնալ պահ է ունեցել իր մեջ:
Ներկայում, կապված Իսրայելական անթաքույց հեռահար ագրեսսիայի, Թուրքիայի ռեգիոնալ դերի աննախադեպ աճի և իր կազմում ահռելի ադրբեջանական 5-րդ շարասյունային «փոքրամասնության» գոյության խնդրի հետ, Իրանի հիմնախնդիրները ահագնացող են դարձել: Թշնամական շրջապատումը շարունակվում է, և Իրանի համար պարզ լուծումներ ու ելքեր չեն երևում:
Այս առումով Իրանը Հայաստանի և դաշնակիցը կարող է լինել, բայց և մասնակի լուծումների դեպքում՝ նաև հակառակորդը: Բանն այն է, որ եթե Հայաստանը ուժ ունենա իր սուվերենությունն ու տարածքը պաշտպանելու թուրանական նկրտումներից և ապահովի միջթուրանական ներկայիս Թուրքիա- Թուրան մոտ 120 կմ անջատիչ պատնեշը, ապա Իրանը կմնա մեր դաշնակիցը: Իսկ եթե մենք պատրաստ լինենք զիջելու այդ միջանցքը, ապա Իրանը, ելնելով իր ապահովության խնդիրներից, կհամագործակցի Թուրքերի հետ՝ թուրանաստեղծման պրոցեսը ոչ իր տարածքի հաշվին ապահովելու համար:
Զ- Ռեգիոնալ շահերի աննկատ կրողներից, բայց և կարևոր դերակատարներից մեկը Իսրայելն է: Նրա մասնակցույթունը անուղղակի է, բայց խիստ որոշակի: Քննարկենք դրանք առավել մանրամասն:
– Իսրայելը շահագռգռված է իր և արաբների հետ ընթացող արյունալի վեճի շարունակման հարցում: Այն պահից, երբ հանկարծ դադարի Իսրայել-Պաղեստինյան հակամարտությունը և հաշտություն կնքվի, Իսրայելը որպես միջազգային գեոքաղաքական գերտերություն կկորցնի իր դիրքերը, հետաքրքրությունն ու դերը գլոբալ հարցերում: Այդ պատճառով Իսրայելի նպատակը ոչ թե հարևանների հետ իր հարցերի վերջնական լուծումն է, այլ դրանց թեժ պահելը և նույնիսկ կորուստների գնով շարունակելը:
-Վերջին երեք տարիներին Թուրքիան, անսպասելիորեն խախտելով միջազգային խաղի կանոնները, մխրճվեց Արաբա-Իսրայելական կոնֆլիկտի մեջ որպես «խաղաղության աղավնի», «արդարության» և արաբների պաշտպան: Շատերն այս մուտքը անցողիկ և թույլ համարեցին և անտեսեցին: Շատերի մոտ թուրքերի այս տիեզերական դեմագոգիան շոկ առաջացրեց, բայց դրանք ևս ձեռնպահ մնացին համարժեք արձագանքելուց:
Արդյունքում թուրքերը կարողացան նուրբ քայլերով վիճակը լրջացնել և ներկայում լուրջ դերակատարի դիրք են ձեռք բերել և կարևոր միջնորդական դերեր ստանձնել ողջ Միջին Արևելք կոչված մեծ ռեգիոնում և աշխարհում:
– Փաստորեն և Իսրայելը, և նրա բարեկամ արևմտյան երկրները թերագնահատեցին թուրքերի սկզբնական քայլերի լրջությունը և բաց թողեցին նրան սաստելու պահը: Թուրքիան ներկայում շարունակում է իր գիծը՝ Իսրայելի վրա նորանոր «խաղաղության» նավատորմիղներ ուղարկելով: Իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն էլ այլ ելք չեն տեսնում իրավիճակից, քան ուժի ցուցադրումը, որը ներկա պահին միայն ի շահ Թուրքիայի է աշխատելու և միջազգային հակառակ ազդեցությունն է ունենալու:
– Իսրայելի մերժողական կեցվածքը Թուրքիային որպես գենոցիդ իրականացնողի բնորոշելու և նրան որպես խաղաղության «աղավնու» հիմնավորապես պախարակելու հարցում, փաստորեն քաջալերում է Թուրքիային առավել լկտինալու մեր նկատմամբ և ավելի ազատ գործելու:
Եթե այս՝ իր համար ծանրագույն պահին, Իսրայելը շարունակում է հրաժարվել ընդունել և հարգել այլոց գենոցիդը, ապա դրանով նա փաստորեն մեղսակից է դառնում ներկա շարունակվող հակահայկական ռեգիոնալ ագրեսսիային ևս: ԵՎ դրա հետ կապված, իմաստալից է դառնում մեզ համար կարևոր երկու եզրակացություն:
– Իսրայելը երբևէ պատրաստ չի լինելու հարգել հայերի Գենոցիդը և այն մշտապես որպես խաղաքարտ է մնալու նրա դիվանագիտական գործիքադարանում: Հետևաբար մենք պետք է իրատեսորեն գնահատենք մեր սպասումներն Իսրայելից և առհասարակ այլ գերտերություններից: Մենք պետք է ինքներս պարտադրենք նրանց «տեսնելու», հաշվի նստելու իրականության հետ և հարգելու գենոցիդը, մանավանդ որ ներկա աշխարհի ինֆորմացիոն ազատությունը տալիս է մեզ բոլոր լծակները անկախ գործելու:
– Իսրայելի նման վերաբերմունքը այլոց ճակատագրի և կորուստների հարցում, ազատում է դիմացիններին՝ Հոլոքոստը անվերապահորեն հարգելու հարցում:
Է- Ադրբեջանը, տեսնելով, որ իրեն ժամանակ է տրված ռազմական և դիվանագիտական առավելություններ կուտակելու, հանգիստ այդ գործն է առաջ տանում: Կազանի պայմանագրի մերժումը դրա վառ ապացույցն է:
Ներկայում Հայաստանը եթե ոչ միայն Ղարաբաղը, այլ իր տարածքի կեսն էլ զիջի, Ադրբեջանը /իսկ իրականում Ադրբեջան- Թուրքիա տանդեմը/ չի համաձայնելու, որովհետև նրանց նպատակը ամբողջ Հայաստանը վերցնելն է: Ադրբեջանն իր դիվանադիտությունն ու ռազմական -տնտեսական աճը զուգորդում է Հայաստանի դեմ հոխորտանքի շատ մեծ դոզայով, որն ինքնին կործանարար հետևանք է ունենալու Հայաստանի վրա՝ արտագաղթի մղելով հայությանը:
Փաստորեն, Ադրբեջանն ու Թուրքիան խորը մտածված և հեռատես քաղաքականություն են վարում ռեգիոնում և մեր հանդեպ, նպատակ ունենալով առերես դիվանագիտական շեղումներով ժամանակ շահել և դատարկել Հայաստանը՝ մեծ թուրանը ստեղծելու և ապահովելու համար:
Ը- Վրաստանը շատ էլ լավ գիտակցում է ընթացող բոլոր պրոցեսները և իրեն դիրքավորում է որպես որևէ գերակա շահի չհակասող սուբյեկտ և բաց է ցանկացած համագործակցության՝ և թուրքերի, և նրա թշնամիների, և բոլորի հետ հարաբերություններում:
Թ- Հայաստանի մասին թույլ եմ տալիս քննարկում չտանել, քանի որ մենք դեռևս չենք դրսևորել սուբյեկտայնության անհրաժեշտ մակարդակը:
Այսպիսով ի մի բերելով ռեգիոնալ գեոքաղաքական կոնֆիգուրացիայի իմ տեսլականը, կարող եմ փաստել, որ մենք գտնվում ենք տոտալ քաղաքական, ռազմական շրջափակման մեջ, բայց և տեսականորեն դեռ ունենք պաշտպանական ռեսուրսներ:
Դրանք են՝
1. Թուրքիայի և Ադրբեջանի իրական նպատակների բացահայտումը, վերհանումը և դրա համակողմանի և բարձրաձայն մատուցումը միջազգային հանրությանը, վերլուծաբաններին, գերտերություններին ու սեփական ժողովրդին:
Այսինքն որպես պաշտպանական մեխանիզմ ես տեսնում եմ իրավիճակի հրապարակայնացումը: Մենք պետք է դադարեցնենք մեր՝ մինչև այժմ տարվող դիվանագիտական անհամարժեք ու անհեռատես «խաղերը», որոնք արդեն սպառնում են մեզ տանել վերջնական ինքնակործանման:
2. Գենոցիդի և Ղարաբաղի հարցում կտրուկ շրջադարձը դեպի պահանջատիրություն և դրա շնորհիվ՝ մեր հանդեպ տարվող ագրեսսիայի սաստում:
«Անկախ» Ղարաբաղի մոդելը, որը ինչ որ տեղ իմաստալից էր ներսովետական տարածքային հնարավոր վերաձևումների շրջանակներում, անկախացումից հետո աբսուրդային է: Այդ մոտեցումը պետք է հանվի օրակարգից և փոխարենը, որպես հայկական դիրքորոշում պետք է մատուցվի միացյալ Հայաստանի /միացյալ Հայաստան -Ղարաբաղ/ ու հայության՝ թշնամական շրջապատում գոյատևման հարցը: Սա դիվանագիտական հարց չէ և ոչ էլ միջազգային սկզբունքների հարց է: Այն ազգի, և նրա պետության գոյատևման իրավունքի հարց է, որը մինչև հիմա մենք ոչ գիտակցած և ոչ էլ առաջադրած չենք եղել՝ նույնիսկ ինքներս մեզ:
Եթե մինչև այժմ մեր կողմից Ղարաբաղի Հայաստանին միացումը և Թուրքիայի հանդեպ պահանջատիրությունը մերժելը բացատրված է եղել ծայրահեղ կասկածելի դիվանագիտական ու քաղաքական ինչ որ «նպատակահարմարություններով, ապա ներկայումս մեր այս հին անփառունակ գծի շարունակումը որևէ արդարացում չունի:
3. Մենք այլևս իրավունք չունենք լռելու Թուրքիայի և Ադրբեջանի՝ մեր հադեպ իրացվող բացահայտ թշնամական, իսկ իրականում քողակված տարվող պատերազմի մասին: Հիմա ընթանում է տարածքի հայաթափումը, վաղն այլևս մենք ոչ մի միջոց չենք ունենալու կատարված փաստը մերժելու:
4. Հայաստանը պարտավոր է դիմել միջազգային հանրությանը ու բոլոր երկրների կառավարություններին՝ Հոլոքոստի և այլ Գենոցիդների համարժեքության պահանջով: Հենց այդ տարբերակումն է, որ այսօր թույլ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին շարունակելու իրենց տարածքներում բնակվող փոքրամասնությունների ու թույլ հարևաններին ահաբեկելու ու ոչնչացման այս քողարկված, բայց ահարկու քաղաքականությունը:
5. Հայաստանը պետք է առանձին հրապարակային դիմումով դիմի Իսրայելին, շեշտելով, որ իր մինչև այժմ տարվող «Հոլոքոստը միայն հրեաներինն է» քաղաքականությունը, այլևս դեմ է առել լուրջ խոչընդոտի, որի հաղթահարումը հայկական գենոցիդը ճանաչելն է և Թուրքիային հանցագործ երկերեսանիության մեջ բացահայտելը: Այս երկակի ստանդարտից շեղվելու քայլով Իսրայելը կձերբազատվի մանիպուլյատիվ գործընկերոջ իր իմիջից, և մի գուցե նոր ռեսուրսներ վաստակի իր շահերը հետապնդելու գործում:
6. Հայ դիվանագիտական միտքը, պետական պատասխանատուներն ու հասարակական կարծիքը քարացած են հին՝ «Անկախ Ղարաբաղ» և «Հավերժ Հայաստան» անհիմն թեզերի վրա: ԵՎ Ղարաբաղը կարող է մի ժամում վերանալ, և Հայաստանը մի քանի օրվա մեջ ամբողջովին կլվել թուրքական երկկողմանի ագրեսսիայի՝ թուրան կերտելու արդյունքում: Թե դրանից հետո ինչ նոր ժողովներ ու հավաքներ կանեն միջազգային այրերը, կարծում եմ որ մեզ՝ պատմության գիրկը նետված հայերիս, որևէ կերպ չի օգնի: Հարցը հենց այսօր, այս պահին, մեր սուբյեկտ դառնալն է և այդ մասին հրապարակավ ու հնարավորինս բարձրաձայն հայտարարելը:
Մյուս կողմից էլ, անկեղծ ասած, ես որևէ ակընկալիք չունեմ, թե հայ որևէ պաշտոնյա կամ դիվանագետ իրեն թույլ կտա իջնելու քաղաքացու հարցադրումներին պատասխանելու հարթություն և իր մինչև այժմ տարած գիծը հիմնավորի և արդարացնի:
Նրանք չեն անելու, բայց մենք՝ շարքայիններս, պարտավոր ենք մեր պատկերացումները հրապարակ բերելու և հիմնավոր ու համաձայնեցված ելքեր գտնելու:
Հ. Գ. Սույնով ներկայացնելով իմ սուբյեկտիվ կարծիքը, ևս կոչ եմ անում այլ ասելիք ունեցողներին էլ արտահայտել իրենց տեսակետները: Մի գուցե հասարակական ակտիվության սկզբնավորումը այս բախտորոշ հարցում ստիպի պատասխանատուներին ևս հասկանալու պահի լրջությունը: